Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնաբանում Ալիևի հայտարարությունները։


Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը նշեց, որ սովորություն չունի արձագանքելու չկարդացած կամ չլսած հայտարարություններին։ Նա հավելեց, որ կծանոթանա Իլհամ Ալիևի խոսքերին և անհրաժեշտության դեպքում կարձագանքի։


Նախարարը նաև ընդգծեց, որ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը նկատելիորեն մեղմվել է, ինչն արտացոլվում է նաև սահմանային իրավիճակում։ Նրա խոսքով՝ երբ խոսվում է խաղաղության մասին, դա հորինված չէ, այլ իրականություն։


Պապիկյանը նշեց, որ պատասխան չունի այն հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահը հրաժարվել է այցելել Հայաստան․ «Ուզում եք Ադրբեջանի նախագահի փոխարեն ե՞ս պատասխանեմ հարցին, չունեմ այդ պատասխանը»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ Ալիևն այսօր հայտարարել է․ «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայերին»։

Քաղաքականություն