Բրյուսովի համալսարանը՝ ավտոբուսի վթարից տուժած ուսանողների առողջական վիճակի մասին
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը տեղեկացնում է, որ Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված բոլոր ուսանողներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Այս մասին հայտնում են համալսարանից:
Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն, անհրաժեշտության դեպքում շարունակվելու է բժշկական վերահսկողությունը։
Համալսարանը շարունակում է կապ պահպանել տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ՝ ապահովելով անհրաժեշտ աջակցություն։
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։





























