Ամերիկյան նոր ռազմավարական B-21 ռմբակոծիչը առաջին թռիչքն է կատարել
Ամերիկյան նոր ռազմավարական B-21 ռմբակոծիչը կատարել է իր առաջին թռիչքը, հաղորդում է Reuters-ը։
Ռմբակոծիչը Կալիֆոռնիայի Northrop Grumman օբյեկտներից մեկի տարածքից օդ է բարձրացել ուրբաթ՝ տեղական ժամանակով 07։00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 19։00-ին)։ B-21-ի թռիչքի ժամի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը B-21-ը ներկայացրել են 2022 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նախատեսվում է, որ այն կդառնա երկրի ՌՕ ուժերի նոր առաջնային ռազմավարական ռմբակոծիչը և երկրի միջուկային եռյակի հիմնական տարրը: Մարտ ամսին Պենտագոնը հայտարարեց, որ ներկայումս արտադրվում է վեց նման ինքնաթիռ: B-21-ը աստիճանաբար կփոխարինի B-1 և B-2 ռմբակոծիչներին, որոնք այժմ ծառայում են ԱՄՆ ռազմաօդային ուժերին:
Այժմ Պենտագոնը պահանջում է մոտ 145 միլիարդ դոլար դաշնային ֆինանսավորում հետազոտությունների և զարգացման համար, այդ թվում՝ 46 միլիարդ դոլար՝ ռազմաօդային ուժերի համար, 27 միլիարդ դոլար՝ նավատորմի, 15,7 միլիարդ դոլար՝ բանակի համար: Նոր B-21 ռազմավարական ռմբակոծիչի ներդրման համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ դոլար։