Հասարակություն Կարևոր

Մայր Աթոռը հերքում է Փաշինյանին․ «Գարեգին Բ-ն որևէ պատվիրակություն որևէ համայնք չի ուղարկել»

Մայր Աթոռը հերքում է Փաշինյանին․ «Գարեգին Բ-ն որևէ պատվիրակություն որևէ համայնք չի ուղարկել»
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն որևէ պատվիրակություն չի ուղարկել Հայաստանի համայնքներ՝ հասարակական-քաղաքական շարժում սկսելու նպատակով։ Այս մասին AuroraNews-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ…

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն որևէ պատվիրակություն չի ուղարկել Հայաստանի համայնքներ՝ հասարակական-քաղաքական շարժում սկսելու նպատակով։ Այս մասին AuroraNews-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։



«Հերթական զրպարտությունն է և անհիմն մեղադրանքը Հայոց Եկեղեցու հանդեպ։ Ամենայն Հայոց Հայրապետը որևէ պատվիրակություն որևէ համայնք չի ուղարկել»,- ասել է Տեր Եսային։



Նրա խոսքով՝ վարչապետը, հավանաբար, նկատի ունի Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի՝ օրեր առաջ Տիգրանաշեն կատարած այցը։



«Հավանաբար վարչապետը նկատի ունի այն, որ օրեր առաջ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ռուբեն եպս․ Զարգարյանը հովվական խնամքի նպատակով այցելել է իր առաջնորդության ներքո գտնվող Տիգրանաշեն համայնք՝ եկեղեցու սպասավորի ընտանիքին։ Ամեն առաջնորդ ազատ է իր առաջնորդական գործունեության և հոգևոր ծառայության իրականացման մեջ և հարկ չկա սրանում քաղաքական ենթատեքստեր փնտրել, ավելին՝ այս ճանապարհով Եկեղեցուն փորձել ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,- նշել է Տեր Եսային։



Նա հավելել է, որ հենց այս «հորինյալ արհեստական օրակարգի» վերաբերյալ նախօրեին իր մտահոգությունն է հայտնել նաև Գերագույն հոգևոր խորհուրդը։



Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տեղեկություններ ունեն, թե Գարեգին Բ-ն տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել՝ հասարակական-քաղաքական նոր շարժում սկսելու հնարավորությունը պարզելու համար։



«Մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել, որպեսզի զոնդաժ անեն հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը՝ 2024 թվականի պրոցեսների նմանությամբ»,- ասել էր Փաշինյանը։



Նա նաև հայտարարել էր․ «Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ սկսվելու է Կտրիճի հեղափոխությունը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250