Պենտագոնը խոստացել է օգնություն տրամադրել Հայաստանին բանակի բարեփոխման հարցում. ԳՇ պետի այցը՝ Շտուտգարտ
Շտուտգարտում նոյեմբերի 1-ից 3-ը բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) ներկայացուցիչների միջև։ Երկօրյա այցից հետո Պենտագոնը խոստացել է օգնություն տրամադրել Հայաստանին բանակի բարեփոխման հարցում, գրում է РБК–ն։
Ինչպես գրում է ՀՀ ՊՆ–ն՝ Շտուտգարտում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ:
«Գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ համագործակցության ընթացիկ ծրագրերին աջակցությունը շարունակելու, նաև նախաձեռնելու համագործակցության նոր ուղղություններ հետևյալ ոլորտներում՝ զինված ուժերի պրոֆեսիոնալացում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդում, ղեկավարման համակարգի արդիականացում, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, ռազմական կրթություն ու մարտական պատրաստություն, վարժանքներ և այլն»:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Լրատվամիջոցը, հղում տալով EUCOM–ի կայքում զետեղված հայտարարությանը, նշում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի անվտանգությանը, պաշտպանական բարեփոխումներին և երկկողմ ռազմական համագործակցությանը:
«Մեզ համար պատիվ էր հյուրընկալել գեներալ-լեյտենանտ Ասրյանին և նրա թիմին։ Մենք իրարից շատ բան ենք սովորել»,- նշել է ամերիկացի գեներալը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը «գիտակցաբար և աստիճանաբար» զարգացնում են պաշտպանական համագործակցությունը։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն իր հերթին նշել է, որ «Հայաստանի զինված ուժերը ներկայումս զգալի բարեփոխումներ և վերափոխումներ են ապրում»։
«Մենք շահագրգռված ենք աջակցություն ստանալ և վերցնել լավագույն փորձը մեր գործընկերներից, և հատկապես Միացյալ Նահանգներից», - ասել է Ասրյանը: «Այս քննարկումները հիմք են դնում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ ապագա համատեղ վարժանքների պլանավորման և անցկացման համար, քանի որ մենք ձգտում ենք բարձրացնել մեր բանակի կարողությունը՝ դինամիկ և բարդ միջավայրում փոփոխություններին արձագանքելու համար», - եզրափակել է նա:
Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center - JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):
Նշենք, որ EUCOM-ը պատասխանատու է Եվրոպայում, Ասիայի և Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում, Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսներում ԱՄՆ ռազմական գործողությունների համար: Զորքերի թիվը կազմում է ավելի քան 65 հազար ։ Հրամանատարությունը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հետ։