Մոսկվան պատրաստվում է կտրուկ սրել պատերազմն Ուկրաինայում․ Bloomberg
Ռուսաստանը եկել է այն եզրակացության, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները փակուղի են մտել և այժմ պատրաստվում է ուժեղացնել հարձակումները։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ Մոսկվան դիտարկում է Կիևի, այդ թվում՝ քաղաքի կենտրոնական հատվածների ուղղությամբ ոչ միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների ավելի ինտենսիվ կիրառման հնարավորությունը։ Հնարավոր թիրախների թվում նշվում են նաև ուկրաինական քաղաքների ենթակառուցվածքային օբյեկտները։
Bloomberg-ի աղբյուրների գնահատմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաև Ուկրաինայի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին և լոգիստիկ կենտրոններին, չեն ստիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը։
Աղբյուրների խոսքով՝ Մոսկվան ուկրաինական հարվածներն ավելի ու ավելի է ընկալում որպես ՆԱՏՕ-ի երկրների կողմից իրականացվող գործողություններ՝ հաշվի առնելով Կիևին տրամադրվող սպառազինությունն ու հետախուզական տվյալները։ Նրանց գնահատմամբ՝ ներկայիս ռազմական գործողությունները դեռևս հնարավոր էսկալացիայի առավելագույն մակարդակը չեն։
Bloomberg-ը նաև հայտնում է, որ օգոստոսի 25-ին Մոսկվա է այցելել ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆը։ Նրա բանակցությունների հիմնական թեմաները չեն հրապարակվել։ Միաժամանակ սպասվում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները կարող են կրկին այցելել Մոսկվա և առաջին անգամ՝ նաև Կիև։
Կրեմլին մոտ կանգնած չորս աղբյուրների խոսքով՝ դիվանագիտական ջանքերի արդյունքների բացակայության պայմաններում Մոսկվան հետագա էսկալացիան դիտարկում է որպես իր նպատակներին հասնելու միջոց։ Ռուսաստանում նաև կարծում են, որ արդեն մի շարք զիջումների են գնացել, իսկ նոր զիջումները կարող են թուլացնել իրենց դիրքերը։
Միևնույն ժամանակ, Bloomberg-ը գրում է, որ որոշ ռուս պաշտոնյաներ չեն բացառում նաև մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը՝ որպես վերջին միջոց։ Սակայն փորձագետները նման սցենարը համարում են քիչ հավանական։
Կարնեգիի Ռուսաստանի և Եվրասիայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գաբուևի գնահատմամբ՝ մարտավարական միջուկային զենքի կիրառման ռիսկը շարունակում է մնալ չափազանց ցածր, քանի որ դրա ռազմական արդյունավետությունը սահմանափակ է, իսկ քաղաքական հետևանքները՝ չափազանց ծանր։ Նրա խոսքով՝ քանի դեռ Ռուսաստանն ունի սովորական սպառազինությամբ էսկալացիան ուժեղացնելու հնարավորություն, միջուկային շեմը հատելու գործնական անհրաժեշտություն գրեթե չկա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել Բելառուսում
Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի տարածքում գերիների փոխանակում են իրականացրել «10-ը՝ 10-ի դիմաց» ձևաչափով։ Գերությունից...
Մոտ 35 ԱԹՍ է խոցվել Ռոստովի մարզում, ևս 7-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Օգոստոսի 21-ի գիշերը Ռոստովի մարզում հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է մոտ 35 ուկրաինական անօդաչու թռչող ս...
Ռուս ռազմագերիները փախել են՝ սպանելով ուկրաինացի զինծառայողի
Երկու ռուս զինծառայող, որոնք գերության մեջ էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Խարկովի մարզում, փախել են ռազմագերի...
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոդյանսկոյե բնակավայրը․ ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանսկոյե բնակավայրը։ Այս մասին ամենօ...