
Պայթյունից մեկ ժամ առաջ Իսրայելը նախազգուշական զանգ է արել․ Ճապոնիայում Պաղեստինի դեսպան

Իսրայելը Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած «պայթյունից մեկ ժամ առաջ» նախազգուշական զանգ է արել։ Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է Reuters-ը, հանդես է եկել Ճապոնիայում Պաղեստինի դեսպան Վալիդ Ալի Սիամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գազայի բապտիստական հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան հարյուրավոր զոհեր։ Հրապարակվել են նաև Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքները ներկայացնող կադրեր:
Պաղեստինը մեղադրում է Իսրայելին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը և տեղի ունեցածը կապում է «Իսլամական ջիհադ»–ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելցի զինվորականները չեն հարվածել հիվանդանոցին, և տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են «Գազայի հատվածի բարբարոս ահաբեկիչները»։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հարձակումն անվանել է «իսրայելական ռազմական հանցագործություն» և եռօրյա սուգ հայտարարել։
Նշենք, որ Իսրայելական կողմը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրայելի ԶՈւ-ն չի արել, քանի որ հակառակ դեպքում պայթյունը մեծ շրջանակ (crater) կթողներ, մինչդեռ հարակից շենքերը չեն վնասվել, միայն հրդեհ է տարածվել։