Պետքարտուղարությունը հաստատում է․ Ստամբուլում կայացել է ԱՄՆ, ԵՄ և ՌԴ դիվանագետների միջև հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձարստիճան դիվանագետները հանդիպել են Թուրքիայում:
Իր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է.
«Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր լուծելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքների հարցը: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է կողմերին օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Politico» թերթը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա սկսելուց մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի կարգով արտահերթ բանակցություններ են վարել. դրանք տեղի են ունեցել Թուրքիայում:
Բանակցություններին քաջատեղյակ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Արցախի իննամսյա շրջափակմանը վերջ դնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շրջանակում:
Հանդիպմանն ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցով ԱՄՆ ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ի կողմից եղել է Հարավային Կովկասում միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՌԴ-ի կողմից՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը:
Հավելենք, որ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է լուրը, սակայն նշել, որ տեղեկության հետ կապված որոշակի անճշտություններ կան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...