«Մենք կարող ենք մեզ թույլ տալ փողը էժանացնել». ԿԲ նախագահը` դրամի հնարավոր արժեզրկման մասին
ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի` 0.25 տոկոսային կետով իջեցումը կարող է ազդել նաև դրամի վրա` արժեզրկելով այն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Նախկինում արված մեր աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք այսօր մեզ թույլ տալ փողը էժանացնել, որի կողմնակի ազդեցություններից մեկը կարող է լինել, օրինակ, փոխարժեքի փոփոխությունը»,– ասել է ԿԲ նախագահը։
Գալստյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԿԲ–ն առաջնորդվում է գների կայունացման մանդատով և դրա շրջանակում իրենց նպատակակետն է ունենալ 4 տոկոս գնաճ։
ԿԲ նախագահի խոսքով` տրանսֆերների հոսքը դեպի ՀՀ վերջին մեկ–երկու տարվա ընթացքում խիստ պակասել է, որը հիմնականում պայմանավորված է ՌԴ–ում տեղի ունեցող իրադարձություններով։
Դրա փոխարեն Գալստյանը ֆենոմենալ երևույթ է արձանագրել աշխատուժի շուկայում` Հնդկաստանից եկած միգրանտների հոսքը գնալով ավելանում է։
«Նախկինում նման հոսք չկար, վերջին մի քանի տարվա ֆենոմեն է սա։ Սա իր հերթին հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծելու, որ ՀՀ–ից նաև դրամական որոշակի արտահոսք է լինելու դեպի այն երկրներ, որտեղից այդ մարդիկ որպես աշխատուժ գալիս են ՀՀ ու կարծում են, որ Հայաստանը ապրելու ու աշխատելու համար նորմալ միջավայր է»,– ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է վերարտահանման ծավալներին, ապա ԿԲ նախագահը դժվարացել է կոնկրետ որևէ թիվ ասել, միայն նշել է, որ այս տարի վերարտահանման ծավալները զգալիորեն պակասել են։
Մյուս դրական միտումը Գալստյանը համարել է ՏՏ ոլորտում որակյալ կադրերի հոսքը, որի արդյունքում փոխվել է տվյալ ոլորտում աշխատանքային միջավայրը, այդ թվում` մոտեցումները, մշակույթը, արդյունավետությունը։
Տնտեսական աճի ցուցանիշի վրա մեծ ազդեցություն ունեցող շինարարության ոլորտում ԿԲ–ն ՀՀ կառավարության հետ միասին ձգտում է քանակական տնտեսական աճից անցում կատարել դեպի որակականի` էկոլոգիապես մաքուր շինարարության։
Հիշեցնենք` օգոստոսի 1–ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարել էր, որ ՀՀ դրամի արժևորման ճնշումները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ում բենզինի գների բարձրացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում». ՀՀ ԿԲ նախագահ
Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-...
Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը. «Հետք»
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս...
ՀՀ դատախազությունը վերականգնել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը
ՀՀ դատախազությունը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վար...
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ում գրանցված ընկերություններից մեկին` «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ–ին, արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ` «Ռո...