Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա ՌԴ արտահանվող կաթնամթերքն արտադրողների համար

Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում։

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները դրամով փոխանակելու դեպքում տնտեսվարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։

 

«Վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն են առաջանում նաև եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված` Վերին Լարսի սահմանային ացակետի փակ լինելու պատճառով»,– մասնավորապես նշված է որոշման մեջ։

 

2022 թ. խաղողից բացի այլ ուղղությունների համար վարկերը տրամադրվել են 1,5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով։

 

Խաղողի մթերման նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։

 

Լուրջ դժվարություններ է առաջացրել ՀՀ–ից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի մասին ՌԴ–ի կայացրած որոշումը։

 

Չի բացառվում, որ հետագայում ՌԴ–ի կողմից արգելքներ կիրառվեն նաև հայկական ծագման այլ ապրանքների համար, և խնդրի առաջ կանգնեն արտադրանքի գերակշիռ մասը ՌԴ արտահանող այլ կազմակերպություններ ևս։

 

Որոշմամբ առաջարկվում է 2022 թ. տրամադրված վարկերի (բացառությամբ խաղողի, սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի և պտուղբանջարեղենի ու սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումների ուղղությունների) համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ տրամադրել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ (մինչև 6 ամսով) լրացուցիչ ժամկետներ և մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները։

 

«2023 թ. հունվարի 1-ից հետո տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ու շահառուների փոխադարձ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությամբ, եթե դիմումի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսներին տվյալ շահառուի ընդհանուր հասույթների ավելի քան 70 տոկոսն ապահովվել է արտահանումների հաշվին և շահառուի տնտեսական գործունեությունով չպայմանավորված օբյեկտիվ պատճառներով արտահանումը դարձել է անհնարին»,– նշված է որոշման մեջ։

 

Որոշումը շահառուներին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկեր, փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու կաթի և պտուղբանջարեղենի գնումների ուղղությունների համար 2022 թ. ներգրավված վարկերը, ինչպես նաև ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված առանձին շահառուների հնարավորություն կտրվի երկարաձգելու արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամսով։

 

Կաթի և պտուղ–բաջարեղենի ուղղությունների մասով, ըստ հաշվարկների, կարող է առաջանալ շուրջ 270.0 մլն դրամի լրացուցիչ սուբսիդավորման գումար այն դեպքում, եթե բոլոր շահառուներն օգտվեն վարկերի արտոնյալ և մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից։