ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիակի վրա առկա է եղել դանակի 7 հարված. ինչպես է 26-ամյա երիտասարդը սպանել տրանսգենդեր կնոջը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբերել են երեկ Երևանում առանձնակի դաժանությամբ 28-ամյա տրանսգենդերին սպանած կասկածյալին։

 

Ըստ սկզբնաղբյուրի՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ենթադրյալ սպանություն կատարողը Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էռնեստ Ե․-ն է, որը նույն օրը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ժամանել է Երևան և Կողբացի 1 հասցեի մոտ կայանել ավտոմեքենան, ապա բարձրացել է 11-րդ հարկի 51 բնակարան, որտեղ սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա Ադրիաննա Լ․-ի մարմնի տարբեր մասերին և հանցագործության հետքերը ոչնչացնելու նպատակով դին և բնակարանը այրել։

 

Այսօր գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Էռնեստ Ե․-ն «Բավրա» սահմանային անցակետով փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նա բռնվել է և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նա խոստովանել է կատարածը, դատաբժիշկն էլ հայտնել է, որ դիակի վրա առկա է եղել 7 հետք։

 

Երեկ տեղեկացրել էինք, որ առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Հրդեհի ահազանգով ժամանած իրավապահները կրակը մարելուց հետո հայտնաբերել էին դի՝ կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներով: Տեղեկությունների համաձայն՝ սպանվածը 28-ամյա տղամարդ էր, որը, ըստ հավաքվածների, այդ թվում՝ հարևանների, տրանսգենդեր էր:

 

Դեպքին այսօր անդրադարձել էր նաև ՀՀ քննչական կոմիտեն՝ հայտնելով մանրամասներ: