
Կառուցվում է իր ծավալի մեջ աննախադեպ 40 կմ երկարությամբ գազատար. այս պահին պատրաստ է 26 կմ-ը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երևանցիները տեսնում են, որ քաղաքում շատ փողոցներ քանդված են, բայց՝ շատ կարևոր գործի համար։ Նա քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին առաջարկեց ներկայացնել, թե ինչու են քաղաքի շատ փողոցներ քանդված։
Արեյանի խոսքով՝ համաձայն հաստատված տարեսկզբի ծրագրի՝ այս պահի դրությամբ Երևան քաղաքում գազի պահանջարկը բավարարող ծրագրի շրջանակներում գազաբաշխիչ առաջին կենտրոնից իրականացվող ծրագրի պատկերը հետևյալն է․ Սարալանջ, Տերյան, Ազատություն, Թբիլիսյան խճուղի։ Այս հատվածով անցնող գազատարը կազմում էր 6 կիլոմետր, իսկ այս պահի դրությամբ մնացել է 2.5 կիլոմետր, ավարտը՝ 15.09.2023 թվական։ «Ավան, Աճառյան, Բաբաջանյան հատվածը 3.5 կիլոմետր է, այս պահին մնացել է 1.7 կիլոմետր։ Ավարտը 30.10.2023 թվական»- հայտնեց Արեյանը՝ հավելելով, որ Բաբաջանյան փողոցը տեղափոխվել է 2024 թվական, որպեսզի 2023-ին ամբողջությամբ գազամատակարար գծի շինարարությունն ավարտեն։
Քաղաքապետի խորհրդականը, խոսելով Սևանի մայրուղի, Թբիլիսյան և Արաբկիր, Գրիբոյեդով ուղղությամբ հատվածի մասին, նշեց, որ այն կազմել է 7 կիլոմետր և աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ ասֆալտբետոնե ծածկույթը՝ վերականգնված․ «Որպեսզի բնակչության մեջ ճիշտ ընկալում առաջանա, պետք է նշեմ՝ այս գազատարները մոտենում են թաղամասերին։ Բայց դա չի նշանակում, որ գազը մտնում է բնակարան։ Այս հատվածի շրջանակներում, ի ուրախություն բոլորիս, սկսվել են ներբնակարանային գազամատակարարման աշխատանքները։ Առաջին շենքերը Ադոնցի շենքերի վրա են, արդեն գազը մտնում է բնակարան»,- արձանագրեց Արեյանը՝ նշելով, որ սա արդեն բնակչության պահանջարկի սպառիչ լուծում է։
Արեյանը, ներկայացնելով մնացած հատվածների աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, հավելեց, որ նոր ծրագիր է մեկնարկել՝ Դավթաշեն թաղամասի հատվածը ներառյալ, ապա ընդգծեց, որ գազատարի կառուցման ծավալը մեծացել է՝ հասնելով 40 կիլոմետրի։ Ըստ Արեյանի՝ սա աննախադեպ ծավալ է․ «40 կիլոմետրից այս պահին պատրաստ է 26 կիլոմետրը, որը կառուցվել է ընդամենը 5 ամսում։ Մինչև տարեվերջ այս ծրագիրը այս տեմպերով կավարտենք»։