Մանրամասներ՝ թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի բախման դեպքից
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը Կորյուն փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին թույլատրելի հատվածում կայանված Toyota Rav 4 մակնիշի, Nissan Rogue մակնիշի, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mercedes-ն էլ առաջ է ընթացել և բախվել թույլատրելի հատվածում կայանված Ford Fusion մակնիշի ավտոմեքենային: Հարվածի հետևանքով տրոլեյբուսն ու Nissan-ը հայտնել են հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառերին: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Պարեկները տեղում պարզել են, որ տրոլեյբուսը վարել է 26-ամյա Նարեկ Գասպարյանը:
Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Վթարի պատճառը եղել է տրոլեյբուսի հետ տեխնիկական խնդիրները ու վարորդը, եթե ճիշտ չկողմնորոշվեր, արգելակների պատճառով կառավարումը կորցնելու հետևանքով տրոլեյբուսը կհայտնվեր մարդկանց մեջ և հենց վարորդի ճիշտ գործողությունների արդյունքում է, որ զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: