Այս տարի 85-ով ավելի հրդեհ է գրանցվել նախորդ տարվա համեմատ
ՀՀ ողջ տարածքում հունվար–հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 85-ով ավելի հրդեհ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։
«Այս տարի նախորդ տարվա համեմատ մի փոքր աճ է գրանցվել։ 2022 թվականին գրանցվել է 2879 հրդեհի դեպք, իսկ այս տարի` 2964 դեպք։ Զգալի աճը գրանցվել է հունվարին և մարտին, իսկ հունիս և ապրիլ ամիսներին զգալի նվազում է եղել` համապատասխանաբար 168-ով և 220-ով։ 2022 և 2023 թթ. հունվար–հուլիս ամիսներին հանրապետությունում բուսածածկ տարածքներում և պահեստավորված անասնակերերի դեպքում հրդեհների քանակի աճ է գրանցվել` 15-ական դեպքով։ Աղբի հրդեհվելու դեպքերը 61-ով են ավելացել, իսկ տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները` 31-ով»,– նշել է Մկրտչյանը։
Նրա խոսքով` հակառակ վերոնշյալ տվյալների, 51-ով նվազել են բնակելի շենք–շինություններում, առանձնատներում, իսկ 11-ով` ավտոտնակներում բռնկված հրդեհները։
Նա ընդգծել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ եղանակային բարձր ջերմաստիճանով և քամու ուժգնացումով պայմանավորված, ՀՀ անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հերթապահություն են իրականացնում: