Ավտովթարից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք․ 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երեկ՝ հուլիսի 9-ին, ժամը 23։00-ի սահմաններում «Սիսիանի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է  ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Գրիգոր Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Պողոսյանը և 72-ամյա Վալերիկ Թարվերդյանը։

 

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված Տ․ Պողոսյանը իր վարած VAZ 21043 մակնիշի ավտոմեքնայով բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վալերիկ Ղազարյանի վարած Nissan X-Trail մակնիշի  ավտոմեքենային։

 

Վթարից հետո դեպքի վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող- ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Գ․ և Տ․ Պողոսյաններին և Վ Թարվերդյանին։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք՝ սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։