Բելառուսին ու Ռուսաստանին փորձում են տնտեսական պատերազմ հայտարարել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հանրապետության և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի միջև երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումները սահմանափակելու արևմտյան երկրների փորձը դատապարտված է ձախողման։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովի հետ հանդիպմանը, հայտնում է BelTA գործակալությունը։ 

«Վստահ եմ, որ դուք կհամաձայնեք ինձ հետ, որ 2022 թվականին Արևմուտքի աննախադեպ փորձը՝ սահմանափակելու մեր հաղորդակցությունը ձեզ հետ, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքների ազատ տեղաշարժը թե՛ Ռուսաստանից, թե՛ Բելառուսից, այս փորձը դատապարտված էր ձախողման», - ասել է պետության ղեկավարը։ 

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը չեն կարող «արհեստական ​​պատնեշներով բաժանվել»։ 

Լուկաշենկոն նաև ասել է, որ Մինսկը և Մոսկվան դեռ հանդուրժում են Արևմուտքի չարաճճիությունները, սակայն դա վտանգավոր է նման նախաձեռնություններով հանդես եկող կողմի համար։ Նրա խոսքով՝ այսկերպ ոչ միայն տնտեսական պատերազմ է սանձազերծվում, որը «Արևմուտքի խելագարները փորձում են ոչ առաջին անգամ հայտարարել» Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության դեմ։ 

«Ուրեմն թող չնեղանան։ Ավելին, մենք ոչ մեկին չենք սպառնում։ Մենք ուղղակի հետևում ենք մեր շահերին՝ Բելառուսի ու Ռուսաստանի։ Դեռ դժվարությամբ, բայց ինչ-որ կերպ դիմանում ենք այս բոլոր չարաճճիություններին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։ 

Նա նաև ընդգծել է, որ այսպես չի կարող անվերջ շարունակվել։ Ուստի, մերձբալթյան երկրների ղեկավարությունը, «և, հավանաբար, Լեհաստանը, պետք է շատ լավ հասկանան դա»,- հավելել է քաղաքական գործիչը։ 

Հունիսի սկզբին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Արևմուտքը Բելառուսում իշխանափոխության ուժային սցենար է պատրաստում։