Հարված Amazon-ին․ Իրանը թիրախավորել է ամերիկյան տվյալների կենտրոնը Բահրեյնում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան Amazon ընկերության տվյալների կենտրոնին՝ պատճառելով «զգալի վնաս»։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հարվածը պատասխան էր ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքում շինարարական օբյեկտների և քաղաքացիական շրջանների վրա իրականացված հարձակումներին։ Նշվում է, որ թևավոր հրթիռներով թիրախավորվել է Amazon-ի տվյալների պահպանման կենտրոնական ենթակառուցվածքը։
Բացի այդ, Իրանը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել նաև Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Թեհրանի պնդմամբ՝ ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ռադարային համակարգ և F-15 կործանիչ։
Սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Մարտի 1-ին ԻՀՊԿ-ը հայտարարել էր ԱՄԷ-ի Դուբայում գտնվող Amazon Web Services (AWS)-ի տվյալների կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին, որի հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, հրդեհ էր բռնկվել։
Մարտի 4-ին Իրանը կրկին հայտարարել էր Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին՝ նշելով, որ այն կապված է այդ կենտրոնների՝ հակառակորդի ռազմական և հետախուզական գործունեությանը աջակցելու ենթադրյալ դերի հետ։
Ապրիլին իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, թե Բահրեյնում գտնվող Amazon-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ ոչնչացվել է։
The New York Times-ի փոխանցմամբ՝ հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել էր Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Դրանից հետո կողմերը մի քանի անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել։
Հուլիսի 20-ի երեկոյան ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ նոր հարվածների շարք՝ նպատակ ունենալով թուլացնել Թեհրանի հնարավորությունները՝ հարձակվելու Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ թիրախավորվել են հրամանատարական կենտրոններ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ռազմածովային ենթակառուցվածքներ, ինչպես նաև հրթիռների և անօդաչու սարքերի արձակման դիրքեր։
Նշվում է նաև, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 18-ին, ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և Հորմուզի նեղուցի ապաշրջափակում։