
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնել։
Մասնավորապես, նրանք պահանջել են հետևյալ տեղեկատվությունը․
«Արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:
Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին»:
Այս մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։
Հիշեցնենք՝ մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: