Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։ 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է նա։ 

 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չեն կրակե՞լ, թե՞ առաջ չեն եկել, Ղուկասյանը կարճ արձագանքեց՝ «Չի եղել այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ»:

 

Մարզպետն ասաց, որ երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են: 

 

Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել: Սակայն, մարզպետն այդպես էլ չհստակեցրեց, թե ադրբեջանական ստորաբաժանումները կոնկրետ որ տեղերից և քանի մետր են հեռացել:

 

Անդրադառնալով Տեղ գյուղի՝ իրենց վարելահողերը կորցրած բնակիչների խնդրին, մարզպետը նշել է. 

 

«Այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել։ Ինչ-որ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել։ Բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ որ տեղերից և քանի մետր»։

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ