Դադարեցվել է Սոթքի հանքի շահագործումը․ անձնակազմն ուղարկվել է հարկադիր պարապուրդի

Պարբերական հրետակոծությունների հետևանքով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է: Այս մասին հայտնել է «ԳՊՄ ԳՈԼԴ»–ի մամուլի ծառայությունը։
 

Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։

 

Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։

 

Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել Ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Այդպիսով, Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր):

 

Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել  դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի։

Քաղաքականություն