Բեռլինն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ռուսական միջուկային էներգիայի դեմ

Գերմանիայի իշխանությունները Եվրահանձնաժողովին հայտնել են պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում ռուսական ատոմային էներգիայի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու նպատակահարմարության մասին, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը։ 

«Դաշնային կառավարությունը, ԵՀ-ի հետ հաղորդակցվելով հանդես է եկել քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտը պատժամիջոցների մեջ ներառելու օգտին: Դա պետք է լինի հաջորդ պատժամիջոցների փաթեթի մի մասը», - նշվում է հայտարարության մեջ: 

Ապրիլի 15-ին Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռոբերտ Հաբեկին անընդունելի է անվանել, որ այս արդյունաբերությունը մինչ այժմ դուրս է մնացել պատժամիջոցների շրջանակից։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ նման սահմանափակող միջոցների ընդունումը ժամանակ և անցումային շրջան կպահանջի, երբ դրանք ներդրվեն։ 

Նման քայլը կպահանջի ԵՄ անդամ բոլոր երկրների հավանությունը: Այնուամենայնիվ, Հունգարիան երկար ժամանակ դեմ է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներին և պատրաստ էր օգտվել վետոյի իրավունքից։ Արդյունքում, ըստ Politico-ի, ԵՄ-ն հրաժարվել է այդ միջոցները ներառել պատժամիջոցների 10-րդ փաթեթում։ Այնուհետև Բրյուսելը քննարկել է «Ռոսատոմ»-ի և մի շարք այլ ընկերությունների առանձին ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, սակայն ի վերջո որոշվել է դա էլ չանել։ 

Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոն, ով ապրիլի 11-ին այցելել է Մոսկվա և բանակցություններ վարել «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ, պատրաստվում էր քննարկել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցների կանխարգելման հարցը։ 

Ապրիլի 15-ին Գերմանիան ցանցից անջատեց իր վերջին երեք ատոմակայանները։

Քաղաքականություն