Ռուսաստանը սկսում է երկաթուղով վառելիք մատակարարել Իրանին

2023 թվականին Ռուսաստանը առաջին անգամ սկսեց երկաթուղային ճանապարհով վառելիք արտահանել Իրան, այն բանից հետո, երբ իր մշտական ​​հաճախորդները հրաժարվեցին գործարքներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արդյունաբերության և արտահանման երեք աղբյուրներ։ 

Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանն ու Իրանը, որոնք գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների տակ, ավելի սերտ երկկողմ հարաբերություններ են հաստատում միմյանց տնտեսությանը փոխադարձաբար աջակցելու և պատժամիջոցների մասամբ հարթեցման նպատակով, որոնք Մոսկվան և Թեհրանը համարում են չարդարացված։ 

Ռուսական նավթամթերքների դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով վառելիքի համաշխարհային շուկաները զգալի փոփոխություններ են կրել, այդ թվում՝ լոգիստիկայի պատճառով. տանկերները ստիպված են ավելի երկար ճանապարհներ անցնել, իսկ մատակարարները ստիպված են փնտրել ապրանքների «էկզոտիկ ուղղություններ և փոխադրման ուղիներ», գրում է Reuters-ը։ 

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է Իրանին նավթամթերքի սվոփ մատակարարումների մեկնարկի մասին 2022 թվականի աշնանը, սակայն իրականում դրանք սկսվել են միայն 2023 թվականին, նշում են գործակալության աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ փետրվարին և մարտին Ռուսաստանը Իրան է մատակարարել մոտ 30 հազար տոննա բենզին և դիզվառելիք՝ երկաթուղով փոխադրելով Ղազախստանով և Թուրքմենստանով։ Reuters-ի աղբյուրը պնդում է, որ ռուսական վառելիքի որոշ խմբաքանակներ Իրանից բեռնատարներով առաքվել են հարևան երկրներ, այդ թվում՝ Իրաք։ 

Իրանն ունի իր սեփական նավթավերամշակման գործարանները, սակայն վերջերս երկրի ներքին վառելիքի սպառումը գերազանցել է սեփական արտադրական հզորությունը, հատկապես հյուսիսային նահանգներում, գործակալությանը հայտնել է Կենտրոնական Ասիայի նավթի շուկայում վաճառքով զբաղվողներից մեկը: Երկու այլ առևտրականներ ասում են, որ Ռուսաստանը Կասպից ծովով փոքր քանակությամբ վառելիք է մատակարարում Իրանին լցանավերով: 

Reuters-ի աղբյուրները նշում են, որ ռուսական նավթային ընկերությունները շահագրգռված են երկաթուղով Իրան դիզելային վառելիք և բենզին արտահանելու հարցում, քանի որ ծովային տրանսպորտը դժվար է բեռնափոխադրումների բարձր սակագների և G7 երկրների կողմից սահմանված գների սահմանափակումների պատճառով։ Այդուհանդերձ, Իրան ռուսական վառելիքի երկաթուղային արտահանումը բախվում է որոշակի «ուղիների խցանումների», ասել են աղբյուրները: 

«Մենք ակնկալում ենք, որ Իրան վառելիքի մատակարարումները կավելանան այս տարի, բայց մենք արդեն տեսնում ենք մի շարք լոգիստիկ խնդիրներ՝ կապված երկաթուղու գերբեռնվածության հետ: Սա կարող է խանգարել արտահանման բումին»,- ամփոփել է աղբյուրներից մեկը։ 
 

Քաղաքականություն