Պենտագոնը հեռացրել է Հայաստանի անունը ամերիկյան խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկից
Հայաստանի անունը հեռացվել է Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկից:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին։
Պենտագոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցանկում նշված էր նաև Հայաստանը։
«Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա»,- նշվում էր կայքում:
Սակայն, Պենտագոնի պաշտոնական կայքում ավելի վաղ տեղադրված հաղորդագրության տեքստում փոփոխություն է կատարվել, և մասնակից երկրների ցանկից հանվել է Հայաստանը։