Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է․ Մովսես Հակոբյանը՝ սահմանային իրավիճակի մասին․ ԶԼՄ

Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ - գնդապես Մովսես Հակոբյանի հետ։

 

- Պարոն Հակոբյան, հատկապես վերջին շրջանում տպավորություն է, թե Սյունիքում և ՀՀ հարավային սահմանների ուղղությամբ  տոտալ ամենաթողություն է տիրում։ Թշնամին, կարծես, արդեն, դիրքավորվել է Տեղ գյուղում։

 

- Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է։

 

- Իսկ ինչո՞ւ է այդպես, սա ի՞նչ անտարբեր ամենաթողություն է։

 

- Խնդիրը դիմադրության բացակայության մեջ է։

 

- Իսկ որտե՞ղ է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

 

- Նախարարությունն իր տեղում է՝ այնտեղ, որտեղ վարչական շենքն է։

 

- Իսկ որտե՞ղ են Հայաստանի Հանրապետության սահմանների և անվտանգության պատասխանատուները, որ պետք է լինեին այդ շենքում։

 

- Իրենք պետք է իմանան իրենց տեղն ու անելիքը, ես իրենցից  տեղյակ չեմ։

 

- Ինչո՞վ է պայմանավորված, ձեր կարծիքով, այս տոտալ անտարբերությունը։

 

- Չեմ կարող հստակ նշել պատճառները։ Գուցե չիմացություն, գուցե անփույթ վերաբերմունք կամ էլ՝ մեկ այլ բան։

 

- Ի՞նչ բան։

 

- Միտումնավոր անգործություն։

 

- Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ ՊՆ նախարար Պապիկյանը ներքին կարգով արգելել է օգտագործել Արցախի Հանրապետություն ձևակերպումը։ Ինչպե՞ս կարելի է սա մեկնաբանել, կա՞ որևէ մեկնաբանություն։

 

- Միայն այն դեպքում, եթե իր համար Արցախի Հանրապետությունը գոյություն չունենա։

 

- Կարո՞ղ է, արդյո՞ք, այս իրավիճակը հանգեցնել փափուկ ուժով, առանց ռազմական գործողությունների, այսպես կոչված, միջանցքի տրամադրման թշնամուն։

 

- Միջանցք ասվածը, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կա ճանապարհահատված, որտեղով ադրբեջանական կողմը կարող է անացուդարձ անել՝ անարգելք։ Թե ո՞ր տեղանքներով կանցնի այդ ճանապարհը, միանձնյա կերպով որոշում է Ադրբեջանը։

 

- Իսկ ի՞նչ է անելու այնտեղ ապրող ժողովուրդը, որ հայտնվել է թշնամու վտանգավոր նշանակետում։

 

- Ժողովրդին ղեկավարող առաջնորդ է պետք։

 

- Կարծես թե ինչ - որ մեկը կա՝ անունը Նիկոլ է։

 

- Ինձ համար ինքն առաջնորդ չէ։ Ինքը մեր քաղաքացիների մի մասի կողմից ընտրված վարչապետ է։

 

- Վարչապետ է, բայց առաջնորդ չէ՞…

 

- Ինձ համար՝ ոչ։

 

- Պարզ է…Պարոն Հակոբյան, կասե՞ք, որ ուղղություններով պետք է սպասել առաջիկա ռազմական բախումները, եթե դրանք տեղի  ունենան։

 

- Առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ անպայման կլինեն և կլինեն դրանք երկրի առավել վտանգված հատվածներում այնտեղ, որտեղ հակառակորդն առաջխաղացումներ է ունեցել։ Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից, ադրբեջանական կողմն անթաքույց կերպով իր նախագահի բերանով հայտարարեց, որ հարավային հատվածում պլացդարմ է ստեղծել՝գրավելով  ռազմական նշանակության մի շարք կարևորագույն բարձունքներ և դա արել է հետագա ռազմական գործողությունների զարգացման նպատակով։

 

- Անցյալ տարվա սեպտեմբերի տվյալներով՝ ադրբեջանական կողմը Ջերմուկ քաղաքում մի շարք ռազմական նշանակության բարձունքների տիրացավ։ Ուրեմն, առաջին հարվածը Ջերմուկի՞ց սպասենք։

 

- Առաջին հերթին վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները։