«Հյուսիսային հոսք»-ում պայթյունների հետևում կանգնած է ուկրաինամետ խմբավորում․ ԱՄՆ հետախուզություն․ NYT
ԱՄՆ հետախուզության կողմից ստացված նոր տվյալները վկայում են այն մասին, որ անցյալ տարի «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցումն իրականացվել է ուկրաինամետ ինչ-որ խմբավորման կողմից։ Այդ մասին, RTVI-ի փոխանցմամբ, երեքշաբթի գրել է New York Times-ը։
Հետախուզության տվյալներով՝ գազատարի պայթեցման մասնակիցները եղել են Ուկրաինայի կամ Ռուսաստանի քաղաքացիներ (հնարավոր է՝ խառը խումբ), որոնք աջակցում էին Կիևի գծին՝ ի դեմ Ռուսաստանի Դաշնության։ Հրատարակությունն ընդգծում է, որ հարձակմանը մասնակից չեն եղել ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։
Պայթուցիկները, ամենայն հավանականությամբ, տեղադրվել են փորձառու ջրասուզակների կողմից, որոնք, ըստ երևույթին, չեն աշխատել զինվորական կամ հետախուզական ծառայություններում: Միաժամանակ չի կարելի բացառել, որ նախկինում նրանք պետական ֆինանսավորմամբ հատուկ պատրաստություն են անցել։
Միևնույն ժամանակ, ամերիկյան հետախուզությունը որևէ ապացույց չունի, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կամ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները ներգրավված են եղել գործողությանը։ Հրապարակման մեջ նշված չէ խմբի անվանումը, ինչպես նաև նրա անդամների անունները։
New York Times-ի տեղեկատուները նույնպես չեն բացահայտում ստացված հետախուզական տվյալների բնույթը, այս տվյալների աղբյուրները, ինչպես նաև չեն տրամադրում այս տեղեկատվության իսկության որևէ ապացույց:
Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյուններ են եղել 2022 թվականի սեպտեմբերին, ինչի հետևանքով վնասվել են չորս ճյուղերից երեքը։ ՆԱՏՕ-ն միջադեպն անվանել է «դիտավորյալ, չմտածված և անպատասխանատու դիվերսիաների» արդյունք։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն մեղադրել է ԱՄՆ-ին ռմբակոծությունների համար: Որոշ եվրոպական երկրներ հայտարարել են, որ գազատարի վնասմանը մասնակցել է Ռուսաստանը։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան հետաքննում են միջադեպը։
Փետրվարի սկզբին ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ԱՄՆ-ը կազմակերպել է Nord Stream-ի ռմբակոծումը Նորվեգիայի աջակցությամբ: Սպիտակ տունը, ԱՄՆ Պետդեպարտամենտը և Նորվեգիայի ԱԳՆ-ն հերքել են այդ մեղադրանքները։