Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել․ մենք ունեցել ենք բավականաչափ ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար․ Սերժ Սարգսյան

Մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել «добротный», նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր:  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նկատելով, որ երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ։ 

 

«Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, էս չէր, էն չէր, բայց մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելիորեն այդ մեքենան ձորն է ընկնելու եւ ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»,-ասել է նա:

 

Նրա խոսքով՝ մենք բանակ ունեցել ենք և մեր բանակը դա ապացուցել է 1992-1994 թվականին, ապացուցել է ընդհուպ մինչեւ 2018 թվականը:
 

Անդրադառնալով նախկինում եւ հիմա բանակի վրա ծախսվող գումարներին, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Բոլոր այն թվերը փողի հետ կապված, որ իրենք հրապարակում են, միֆ է, հեքիաթ է: Որովհետեւ նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ արժեք ունի մեկ դոլարը 2023 թվականին, եւ ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին, 2014-ին:

 

Երկրորդ, որեւէ մեկը չի խոսում այն մասին, որ 2018-ից հետո Հայաստանը որեւէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել: Իսկ իմ պաշտպանության նախարար եւ նախագահ եղած ժամանակահատվածում մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն:

 

Երկրորդ հանգամանքը հետեւյալն է. մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք եւ ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք  ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

 

Խոսում են, որ զենք, զինամթերք չի եղել: Բա եթե հետեւում եք ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, տեսնո՞ւմ եք, որ ռուսական կողմն օգտագործում է բոլոր այն զենքերը, որ մենք ունեինք: Եթե դու չես օգտագործելու, եթե անգամ ատոմային ռումբ էլ ունենայինք, չէինք օգտագործելու, չէ՞: Բացի դրանից, զինամթերքի առումով, անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա մյուս 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը: