Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
Միևույն ժամանակ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթդին Քոջան Twitter-ի իր էջում գրել է, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով տուժել է 294 մարդ։ Նա մանրամասնել է, որ 18 տուժածների վիճակը ծանր է, նրանց անհրաժեշտ է տեղափոխել Ադանայի և Դյորթյոլի հիվանդանոցներ։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի խոսքով՝ առաջին երկրաշարժին հաջորդել է մոտ 20 հետցնցում, այդ թվում՝ 5,8 մագնիտուդով։ Նա նաև հորդորել է քաղաքացիներին չմտնել վնասված տներ և սպասել փրկարարներին։
Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ սեյսմոլոգները Թուրքիայի և Սիրիայի սահմանին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել Հաթայ նահանգի Ուզունբաղ բնակավայրից 3 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։
Ավելի ուշ Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում եւս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 5,8 մագնիտուդով։ Նշվում է, որ նոր երկրաշարժերը ավերել են շենքերի մի մասը, որոնք արդեն երկու շաբաթ առաջ տուժել էին երկրաշարժերից։ Ցնցումները զգացվել են Թուրքիայի այլ տասը նահանգներում, ինչպես նաև Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում և Լիբանանում։
Երկու շաբաթ առաջ Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Դրան հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Այս ցնցումները մեծ ավերածություններ ու զոհեր են պատճառել երկրում, ինչպես նաև հարևան Սիրիայում։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41156-ի։ Al-Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ Սիրիայում զոհվել է ավելի քան 5,8 հազար մարդ։