Քաղաքապետարանը կարծում է, որ կարիք չկա Բուզանդի 1/3-ի հրդեհի վերաբերյալ ուսումնասիրություն անել. Hetq.am
Օգոստոսի 13-ին Երևանի Բուզանդի 1/3 հասցեում՝ քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի նկուղային հարկում, հրդեհ է բռնկվել։ Դեպքից հետո որևէ պաշտոնական քննություն չի իրականացվել, իսկ հրդեհված տարածքում փաստաթղթերի առկայության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների տեղեկությունները հակասում են միմյանց։ Այս մասին գրում է «Հետքը»։
Քաղաքապետարանից հայտնել են, որ մասնակի բռնկումն ու ծխահարումը գրանցվել են ժամը 18։05-ի սահմաններում, երբ աշխատակիցների մեծ մասն արդեն շենքում չի եղել։ ՆԳՆ-ից, սակայն, «Հետքին» հայտնել են, որ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը 18։20-ին։
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության 5 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և շուրջ 40 հրշեջ-փրկարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։25-ին և մարվել 21։00-ին։ Շենքից տարհանվել է 150 քաղաքացի։
Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ այրվել է համայնքային սեփականություն հանդիսացող «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի 60 քմ մակերեսով խորդանոցային հատվածը, որտեղ եղել են հիմնականում խոտանված համակարգիչներ և հին ու օգտագործված տնտեսական պարագաներ։
Քաղաքապետարանից վստահեցրել են, որ այդ տարածքում արխիվային կամ այլ բնույթի փաստաթղթեր չեն պահվել, իսկ արխիվը գտնվում է շենքի 8-րդ հարկում։
Մինչդեռ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ փրկարարներից ստացված տեղեկությունների համաձայն՝ հրդեհի վայրում եղել են թղթապանակներ և գրքեր։
Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում քննություն չի իրականացվել և վարույթ չի նախաձեռնվել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ որևէ բողոք չի ստացվել։
Քաղաքապետարանը հրդեհի պատճառը կապել է հոսանքի տատանման հետ՝ նշելով․ «Այս փաստով ուսումնասիրություն կամ քննություն սկսելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ վարչական շենքին կամ գույքին էական վնաս չի հասցվել»։
«Հետքը» քաղաքապետարանին 21 հարց է ուղղել, սակայն, ըստ լրատվամիջոցի, դրանցից շատերը մնացել են անպատասխան։ Մասնավորապես, չի հստակեցվել՝ արդյոք արխիվային փաստաթղթերը թվայնացված են և ունեն պահուստային պատճեններ, պահպանվե՞լ են արդյոք արխիվի հրդեհային անվտանգության պահանջները և ե՞րբ է վերջին անգամ ստուգվել շենքի հրդեհային անվտանգությունը։
Տեսչական մարմնից հայտնել են, որ Բուզանդի 1/3 հասցեն իրենց ստուգումների ծրագրում ընդգրկված չի եղել։ Քաղաքապետարանը կարող էր դիմել տեսչական մարմնին՝ ուսումնասիրություն անցկացնելու համար, սակայն նման դիմում չի եղել։ Միաժամանակ տեսչական մարմինը նախատեսում է հրդեհից հետո ուսումնասիրություն իրականացնել նշված հասցեում։
Այսպիսով, 60 քմ տարածք ընդգրկած և շուրջ 2,5 ժամ տևած հրդեհից հետո պաշտոնական քննություն չի իրականացվել, իսկ նկուղում թղթապանակների և գրքերի առկայության վերաբերյալ տեղեկությունը դեռ պարզաբանված չէ։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...