Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը պատմում է․ «Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել»
Վրույրն ու Արկադին առերեսվել են, առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել։ Նոր բան չէ, շուտ է եղել, բայց նորից է առերեսում է լինելու։ Այս մասին այսօր MediaHub.am-ին հայտնել է Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։
Լրատվամիջոցի դիտարկմանը, թե ավելի վաղ Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը ասել էր, թե միջնորդել է, սակայն մինչև հիմա առերեսում չի եղել՝ Սևակ Մելիքսեթյանը պատասխանել է. «Ստո՛ւմ է: Չգիտեմ, թե ինչ նպատակ ունի այդ փաստը թաքցնելը, բայց ստում է։ Գործի ընթացքը նորմալ է, իր հունով գնում է»։
Հարցին, թե Բարսեղյանների տան առաջ հսկողությունը շարունակվո՞ւմ է, վերջինս պատասխանել է՝ այո․ «Այստեղ հարցը միայն ես չեմ, ես չեմ պատրաստվում ոչինչ անել, բայց գյուղում միայն ես չեմ, գյուղացիների տրամադրվածությունն էլ չի փոխվել»։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։
Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալն այլ վայրում է եղել։
Հիշեցնենք նաև, որ հունվարին որոշում է կայացվել Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը երկու ամսով երկարաձգել։