ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի առաջնությունն անցկացնել երեք տարին մեկ անգամ
Աշխարհի առաջնությունը նոր է ավարտվել, իսկ ֆուտբոլային իշխանություններն արդեն մտածում են հեղափոխության մասին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին այնքան է դուր եկել Քաթարում անցկացված մրցաշարը, որ նա պատրաստ է փոխել գլխավոր համաշխարհային ֆորումի հաճախականությունը։ «Աշխարհի առաջնության կոմերցիոն և սպորտային հաջողությունները Ինֆանտինոյին վստահություն են ներշնչել»,- գրում է թերթը։
Ըստ հրապարակման` Ինֆանտինոն համոզված է, որ «Եվրոպայի ձմեռային շրջանում մրցաշարի անցկացումը փոխեց խաղը և ապացուցեց, որ ֆուտբոլը զարգանալու և գլոբալացման ներուժ ունի»։
Անցյալ շաբաթ ՖԻՖԱ-ի նախագահն արդեն հայտարարել է մի քանի առանցքային որոշումների մասին։ Ինֆանտինոն նշել է, որ 2025 թվականին կմեկնարկի Աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափ՝ 32 թիմերի մասնակցությամբ։ Բացի այդ, կազմակերպության ղեկավարն ասել է, որ աշխարհի հաջորդ առաջնության ձևաչափը կարող է վերանայվել՝ գուցե 48 թիմերը բաժանվեն 12 խմբերի՝ չորս հոգուց բաղկացած, այլ ոչ թե 16-ը՝ երեքից։
Այնուամենայնիվ, Ինֆանտինոն վերջերս հրապարակավ չի բարձրաձայնում մոլորակի գլխավոր մրցաշարերի միջև ընդմիջումը նվազեցնելու հարցը։ Գաղտնիք չէ, որ նա առաջ է մղել աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը, սակայն ՈՒԵՖԱ-ն և հարավամերիկյան CONMEBOL կոնֆեդերացիան դեմ են այս նախաձեռնությանը և նույնիսկ սպառնում են բոյկոտել այն։
Daily Mail-ն ընդգծում է, որ Ինֆանտինոն չի հանձնվում։ Այժմ նա ցանկանում է աշխարհի առաջնությունն անցկացնել երեք տարին մեկ անգամ, բայց եթե փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ապա 2030 թվականից ոչ շուտ։ Շվեյցարացին մտադիր է պաշտոնավարել մինչև 2031 թվականը և իրականացնել գաղափարը։
Մրցաշարերի միջև ժամանակը նվազեցնելու ՖԻՖԱ-ի ցանկության պատճառները մակերեսի վրա են. ոչ մի մրցաշար եկամտաբերությամբ չի կարող հավասարվել աշխարհի առաջնությանը, իսկ Քաթարում կազմակերպությունը բավականին մեծ գումար է վաստակել: ՖԻՖԱ-ն վերջին Աշխարհի առաջնությունում վաստակել է 10,5 միլիարդ դոլար՝ մեկ միլիարդով ավելի, քան չորս տարի առաջ: Այս թվերը հայտնել է անձամբ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարը։
Հայտնի է, որ Ինֆանտինոյի գաղափարն ունի կողմնակիցներ, օրինակ՝ ՖԻՖԱ-ին աջակցություն են հայտնել Աֆրիկայի և Ասիայի կոնֆեդերացիաների ներկայացուցիչները։ Սակայն եռամյա ցիկլի անցնելու համար համաշխարհային ֆուտբոլային իշխանություններին անհրաժեշտ է բոլոր կոնֆեդերացիաների հավանությունը։ Սպասվում է, որ առաջարկը կքննարկվի ՖԻՖԱ-ի առաջիկա համագումարներից մեկում։