Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն խոսել է իր հոսպիտալացման մասին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն սոցցանցերի իր էջում հայտնել է, որ իր հոսպիտալացումը պլանավորված է եղել։

 

«Ընկերնե՛ր, ես ամսական այցով հիվանդանոցում եմ։  Միշտ հաճելի է ստանալ դրական հաղորդագրություններ:  Շնորհակալություն Քաթարին և բոլոր նրանց, ովքեր ինձ լավ տրամադրություն են հաղորդում»,- գրել է բրազիլական ֆուտբոլի լեգենդը:

 

Նախօրեին հաղորդվել էր, որ բժիշկները Պելեի մոտ բրոնխոպնևմոնիա են ախտորոշել։

  

Տեղեկություն կար նաև, որ քաղցկեղի դեմ պայքարող Պելեն հոսպիտալացվել է սրտի անբավարարության և այտուցների պատճառով։

 

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով բրազիլացին 20-րդ դարի լավագույն խաղացողն է։  Իր կարիերայի ընթացքում նա 1363 խաղում խփել է 1289 գոլ։

 

1999 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Պելեին ճանաչել է դարի մեծագույն մարզիկ, չնայած այն հանգամանքին, որ նա երբեք չի մասնակցել Օլիմպիական խաղերին։