Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին

Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պաշտոնից, իսկ նրանցից մի քանիսին էլ վերանշանակել որպես ժամանակավոր պաշտոնակատար։

 

Արցախի Արտաքին գործերի նախարարի արդեն ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞վ են պայմանավորված Արայիկ Հարությունյանի վերոնշյալ որոշումները։ 

 

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ (խմբագրված-նույն տեղում) պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես հո երեխա չեմ, որ հիստերիայի մեջ ընկնեմ, առավել ևս, որ դուք գիտեք՝ ես այն մարդկանցից եմ, որը որևէ փուլում աթոռների և տաբուրետկաների համար չի կռվել։ Կառավարության մի մասը, որն համակարգում է պետնախարարը՝ 5 նախարար ազատվել է պաշտոնից, 4-ը շարունակում են որպես ժամանակավոր պաշտոնոկատար աշխատել»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ սա բնական երևույթ է։ 

 

Ճշտող հարցին՝ նախապես տեղեկացված եղե՞լ են, որ նման որոշում է կայացվել, ասաց․ «Նախապես հանդիպել ենք, քննարկել ենք։ Խորհրդակցություն է եղել պետնախարարի մոտ»։ 

 

Բաբայանն ընդգծեց՝ անկախ ամեն ինչից ինքը շարունակելու է ծառայել հայրենիքին։ 

 

Անդրադառնալով դիտարկմանը՝ ստացվում է, որ ձեզ փոխարինող չեն գտել, բայց ազատել են աշխատանքից և նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, նշեց․ «Սա կառավարական գործընթաց է՝ այդ հարցերի մեջ մի խորացեք։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա․ մի մտածեք»։ 

 

Հարցին՝ հնարավո՞ր է Արցախում քաղաքականության փոփոխություն է նախատեսվում և այս պաշտոնանկությունները դրանով են պայմանավորված, պատասխանեց․«Մենք ունենք մեր հայեցակարգը և շարունակելու ենք այդ հայեցակարգն առաջ տանել։ Ցանկացած փոփոխություն պետք է (խմբ․- աշխատանքի) արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել, միշտ ճիշտն եմ ասել։ Այո, փոփոխություններ պետք են, բայց պետք է այնպես անել, որ պրոֆեսիոնալներ և հայրենասերներ լինեն (խմբ․-պաշտոնյաներ)»։

 

Դիտարկմանը՝ խոսեցիք ազգային հայեցակարգի մասին, ո՞րն է Արցախի հայեցակարգն այս պահին․ «Այս պահին մեկն է ՝ փրկել Արցախը»,- եզրափակեց Բաբայանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ