ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիկեն հեռանում է «Բարսելոնայից» և ավարտում կարիերան

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն սոցիալական ցանցերում հայտարարել է կատալոնական ակումբից հեռանալու և կարիերան ավարտելու մասին։ Այս մասին գրում է Chempionat-ը:

 

35-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է իր որոշման մասին։ Լա Լիգայի 13-րդ տուրի «Ալմերիայի» հետ հանդիպումը Պիկեի համար վերջինը կլինի:
 

«Դուք` երկրպագուներ, տվել եք ինձ ամեն ինչ: Հիմա, երբ իմ մանկության բոլոր երազանքներն իրականացան, ուզում եմ ասել, որ որոշում եմ կայացրել։ Ժամանակն է ավարտել ճանապարհորդությունը: Ես միշտ ասել եմ, որ ինձ համար «Բարսելոնայից» բացի այլ թիմեր չկան։ Այդպես էլ կլինի։ Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին հանդիպումը «Կամպ Նոուում»։ Ես կդառնամ սովորական երկրպագու, կաջակցեմ թիմին։ «Բարսելոնայի» հանդեպ սերս կփոխանցեմ երեխաներիս, ինչպես ընտանիքս է փոխանցել ինձ։ Եվ դուք ինձ ճանաչում եք, վաղ թե ուշ ես կվերադառնամ: Կհանդիպենք «Կամպ Նոուում»»,- ասել է նա։

 

Պիկեն Բարսելոնայի սան է։ 2004 թվականին նա լքել է ակումբի ակադեմիան և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ խաղացել է մինչև 2008 թվականը (բացառությամբ 2006/07 մրցաշրջանի, երբ նա վարձավճարով հանդես է եկել «Սարագոսայում»։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պիկեն հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան,  երկրի Սուպերգավաթը և Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

2008 թվականին Պիկեն վերադարձել է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբում անցկացրել է 14 տարի։ 8 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, 7 անգամ  Իսպանիայի գավաթը, 6 անգամ՝ երկրի Սուպերգավաթը, 3 անգամ Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։

 

Իսպանիայի հավաքականի կազմում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

 

Ֆուտբոլիստի կարիերայի վերջին հանդիպումը Պիկեն «Բարսելոնայի» կազմում կանցկացնի «Ալմերիայի» դեմ՝ նոյեմբերի 5-ին։