Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում. Անահիտ Ավանեսյան

Մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի մոտ հարցազրույցի ընթացքում քննարկումների ժամանակ միտք է առաջացել բեմադրել պարային համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պարելու դրվագով համացանցում տարածված տեսանյութը սեփական նախաձեռնությա՞մբ է, թե՞ երաժշտության հեղինակ Նիկոլ Փաշինյանի։


Նախարարը նշել է, որ երգելու կամ նվագելու շնորհք չունի, և հենց այդ պատճառով առաջարկել է պարային համար, ինչին երիտասարդները սիրով միացել են։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը համատեղ է իրականացվել։


Ավանեսյանը ժպիտով դիմել է լրագրողներին՝ հարցնելով. «Դուր եկա՞վ ձեզ, թե՞ ոնց։ Դա պարզապես պար է, որ երիտասարդների հետ կբեմադրենք»։ Նա հավելել է, որ այդ պարը բեմադրվելու է ընդամենը մեկ օր։


Արձագանքելով դիտարկմանը, թե պատասխանատու պաշտոն զբաղեցնողը ժամանակ ունի պարելու, նախարարը նշել է. «Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում, երեխաներիս հետ եմ հեռախոսով շփվում։ Այո, երբեմն պարում էլ եմ, դա անում եմ աշխատանքային ժամերից դուրս՝ երեկոյան։ Երկար բարդ, ծանր աշխատանքի հետ միասին մարդը պետք է ունենա նաև այլ հետաքրքրություններ՝ գիրք կարդա, պարի, երգի, շփվի, որպեսզի կարողանա իր հոգեկան առողջությունը պահպանել»։


Ավանեսյանը չի բացառել, որ ՔՊ խմբակցության մյուս կին նախարարներն ու պատգամավորները ևս միանան իր պարին։ Նա նաև հայտնել է, որ այլ ոլորտներում աշխատելու փորձ ունի և կարող է նախարարությունից բացի այլ գործունեությամբ զբաղվել, սակայն համոզմունք է հայտնել, որ դա 2026 թվականին չի լինի, քանի որ ՔՊ-ն, նրա խոսքով, վստահաբար հաղթանակ է տանելու։

Քաղաքականություն