Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային արտակարգ դրություն՝ կապված ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի հետ, որը, նրա պնդմամբ, բխում է Կուբայից։


«Ես՝ Դոնալդ Թրամփը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, գիտակցում եմ, որ Կուբայի հետ կապված իրավիճակը անսովոր և արտակարգ սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար… և սույնով հայտարարում եմ ազգային արտակարգ դրություն այս սպառնալիքի կապակցությամբ», - ասվում է Թրամփի գործադիր հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է Սպիտակ տան կողմից։


Իր հրամանագրում Թրամփը պնդում է, որ Կուբայի կառավարությունը ձեռնարկում է քայլեր, որոնք վնասակար են և սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Նա նշում է, որ Հավանան համագործակցում է մի շարք երկրների և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք թշնամաբար են տրամադրված Միացյալ Նահանգների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Համասի և Հեզբոլլահի հետ։


Թրամփի հրամանագիրը հրապարակվել է այն բազմիցս հնչող պնդումների ֆոնին, որ Կուբան շատ մոտ է փլուզմանը՝ Վենեսուելայից նավթի մատակարարման ընդհատումից հետո։ Նա նաև նշել է, որ վենեսուելական նավթը այլևս չի մատակարարվի Կուբա և սպառնացել է միջոցներ ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք շարունակում են վառելիք մատակարարել կղզուն։