Ապահովագրավճար վճարում է ընդգրկվածների 18.3 տոկոսը. Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, իսկ մնացածը գտնվում է պետական հոգածության ներքո։
Նրա խոսքով՝ ներկայումս առողջապահական ապահովագրության համակարգում ընդգրկված է 1 մլն 371 հազար 181 անձ։ Այդ թվի 39.9 տոկոսը մինչև 18 տարեկաններն են, 32.5 տոկոսը՝ 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, իսկ 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող խումբը կազմում է 18.3 տոկոս։ Սոցիալական աջակցության խմբերը կազմում են 9.3 տոկոս։
«Այսինքն՝ ընդհանուր անձանց շրջանակի միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարող, իսկ մյուսները պետական հոգածության ներքո են», – ասել է նախարարը։
Ավանեսյանը հավելել է, որ այս ցուցանիշը կարևոր է և ցույց է տալիս, որ պետության միջոցները մեծ ծավալով ուղղվում են քաղաքացիների առողջապահական ծառայություններին։





























