Բարսելոնայի հարևանությամբ երկաթուղային գնացքի վթար է տեղի ունեցել․մեքենավարը մահացել է
Իսպանիայում հերթական երկաթուղային գնացքի վթարն է գրանցվել՝ երկրի հարավում տեղի ունեցած խոշոր աղետից ընդամենը երկու օր անց, որը խլել էր առնվազն 42 մարդու կյանք։ Այս անգամ միջադեպը տեղի է ունեցել Կատալոնիայում, որտեղ մերձքաղաքային գնացքի վագոնի վրա փլուզվել է հենապատ։
Կատալոնիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Կլաուդի Գալյարդոյի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 30-ը ստացել են ծանր վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել Ժելիդա քաղաքի մոտակայքում՝ Բարսելոնայից մոտ 40 կիլոմետր արևմուտք։
Կատալոնիայի մերձքաղաքային գնացքների օպերատորի տվյալներով՝ զոհվածը ընկերության աշխատակից է եղել։ Խոսքը գնացքի մեքենավարի մասին է։ Վթարի պատճառը դարձել է ուժեղ փոթորկի հետևանքով մեծ չափերի պատի փլուզումը, որը հենց գնացքի անցնելու պահին ընկել է երկաթուղային գծերի վրա։
Տուժած ուղևորների մեծ մասը գտնվել է առաջին վագոնում, որի վրա էլ ընկել է պատի բեկորը։ Արտակարգ ծառայությունների տեղեկացմամբ՝ բժշկական օգնություն է ցուցաբերվել ընդհանուր առմամբ 37 տուժածի, որոնց մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ։ Մեկ ուղևորի դուրս են բերել ծանր վնասված վագոնից։ Միջադեպից հետո տեղական գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

































