Որքա՞ն գումար կծախսվի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը Հայաստանում անցկացնելու համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաշվարկ է կատարել ու կառավարությանը ներկայացրել` նշելով, թե դեկտեմբերին Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման համար նախատեսված ընդհանուր ծախսերը որքան կկազմեն: Ըստ այդմ` «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման համար նախատեսված ընդհանուր ծախսերը կկազմեն 5 մլրդ դրամ։ 

 

Ծախսն իրականացվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Դրա մի մասը` 2 մլրդ 299 մլն դրամը, մրցույթի կազմակերպիչներին էր հատկացվել կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ` LED էկրանների, լուսային սարքավորումների, Էլեկտրական գեներատորների, լուսային սարքավորումների կառավարման համակարգեր հեռուստատեսային հատուկ տեխնիկայի ձեռքբերման համար։

Գնումը, հաշվի առնլով ժամանակի սղությունը, որոշվել էր իրականացնել առանց մրցույթ հայտարարելու` մեկ անձից գնման ընթացակարգով։

 

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ էլ ևս 2 մլրդ 248 մլն դրամ հատկացվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Այս գումարը ևս նախատեսվում է ծախսել տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար ու դարձյալ մեկ անձից գնման տարբերակով, բայց այս անգամ` օտարերկրյա մատակարար կազմակերպություններից։ Նախագծի համաձայն` էլեկտրական գեներատորները նախատեսվում է գնել բուլղարական Pro Cinema ընկերությունից` 39 եվրոյով, ձայնային սարքավորումները կվարձակալվեն լեհական ATM System Sp. Z.o.o. ընկերությունից` 793.300 եվրոյով, լուսային սարքավորումների կառավարման ծրագրերը` գերմանական Raphael Demonthy ընկերությունից` 116.400 եվրոյով, բեմական հրավառությունն ու հատուկ էֆեկտները կապահովվեն պորտուգալական IgnitionConcept ընկերության կողմից` 136.500 եվրոյով), բեմական հատուկ կոնստրուկցիաների վարձակալությունն ու սպասարկումը կիականացվի բելառուսական Local Team ընկերության (950 000 ԱՄՆ դոլար) և հայաստանյան «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի կողմից (330 մլն ՀՀ դրամ): Այս ծախսերը միասին կկազմեն ընդհանուր 4 մլրդ 998 մլն դրամ: 

 

«Նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման ընթացքում հնարավոր են այնպիսի ծախսեր, որոնց կանխատեսումը օբյեկտիվորեն իրատեսական չէ, ուստի ընկերությունը ջանքեր կգործադրի մրցույթի կազմակերպման շրջանակներում ի հայտ եկած չնախատեսված ծախսերն իրականացնել նախատեսված ընդհանուր բյուջեի շրջանակներում կամ վերջիններիս ֆինանսավորման նպատակով փնտրել այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ»,– նշված է նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ։

 

Քաղաքականություն