Անձամբ Պուտինին ԱՄՆ-ն զգուշացրել է միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին. Բլինկեն
ԱՄՆ-ն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք դա շատ հստակ և ուղղակիորեն հայտնել ենք ռուսներին, մասնավորապես նախագահ Պուտինին: Մենք մտահոգված ենք»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարը չի հստակեցրել, թե երբ և ինչ ձևով են Պուտինին փոխանցել նախազգուշացումը հնարավոր հետևանքների մասին, որոնք կսպասեն Ռուսաստանին միջուկային զենք կիրառելու դեպքում։
Մեկնաբանելով ռուսական կողմի պնդումը, թե Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, Բլինկենը դա անվանել է «հերթական հորինվածք»՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս ուրիշներին է վերագրել այն գործողությունները, որոնք ինքը պատրաստվում է կատարել։
Ուկրաինայում ռուսական միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ մտահոգությունները մեծացել են այն բանից հետո, երբ Մոսկվան սկսել է հրապարակայնորեն խոսել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ սադրանքի ենթադրյալ նախապատրաստման մասին։
Ե՛վ Ուկրաինան, և՛ Արևմուտքը կտրականապես հերքել են այդ մեղադրանքները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենքի կիրառման դեպքում Ռուսաստանը կբախվի հետևանքների, սակայն նա հրաժարվել է նշել, թե ինչ հետևանքների:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային զինում է ծանր սպառազինությամբ՝ միևնույն ժամանակ անտեսելով միջուկային զենք ձեռք բերելու Կիևի ցանկությունը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը տեղյակ է «կեղտոտ ռումբ» (ցածր թողունակության միջուկային զենք) կիրառելու ուկրաինական կողմի մտադրության մասին։
«Այժմ նրանք զենք են տալիս, այդ թվում՝ ծանր, անտեսում են Կիևի ռեժիմի հայտարարությունները միջուկային զենք ստանալու ցանկության մասին։ Ի վերջո, այս մասին Կիևի իշխանությունները հրապարակայնորեն ասել են, բայց բոլորը լռում են։ Հայտնի է նաև այսպես կոչված «կեղտոտ ռումբը» սադրանքների համար օգտագործելու ծրագրերի մասին»,- ասել է պետության ղեկավարը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«Կեղտոտ ռումբը» ռադիոլոգիական զենքի պարզ տարբերակ է։ Ռումբի պատճառած հիմնական վնասը ոչ թե պայթյունի, այլ ռադիոակտիվ նյութի տարածման պատճառով է։ Փորձագետները «կեղտոտ ռումբի» տեսակներից մեկն են համարում ռադիոակտիվ նյութերի օգտագործմամբ ոչ միջուկային օբյեկտներ պայթեցնելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Չինաստանի պաշտպանության նախարարների հետ՝ խոսելով Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի»օգտագործմամբ հնարավոր սադրանքների մասին։