Դատարանը Գագիկ Խաչատրյանին թույլ է տվել բուժման նպատակով մեկնել երկրից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր նշանակված էր ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստ։ Մինչ նիստի մեկնարկը Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ թեև Խաչատրյանը ջերմություն ունի՝ դատարան ներկայանալու է։ Քիչ անց Խաչատրյանը մտավ դահլիճ ձեռնափայտով և մտերիմներից մեկի ուղեկցությամբ։ Գրում է Factor.am-ը:
Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, որոշել է Խաչատրյանին թույլատրել բուժման նպատակով դուրս գալ Հայաստանից։ Նա պետք է մեկներ այսօր, սակայն, պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով, բժիշկները չեն թույլատրել։ Այսօրվա դատական նիստին դատարանում ցուցմունք տվեց Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամակահատվածում ՊԵԿ-ի համար ծրագրային ապահովում իրականացնող «ԱյՅուՆեթվորքս» ընկերության նախկին տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։
Ըստ Դատախազության՝ ընկերությունը փոխկապակցված է Գագիկ Խաչատրյանի հետ, և Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում էլեկտրոնային համակարգերի և համալրող միջոցների սպասարկման ծառայություն է մատուցել ՊԵԿ-ին։ «ԱյՅուՆեթվորքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին։ Վահրամ Մերանգուլյանի խոսքով՝ դրա 40 %-ի բաժնետերը եղել է Ալեքսանդր Եսայանը։ Վերջինս, հիշեցնենք, եղել է նաև «Յուքոմ» ընկերության բաժնետերերից։ «ԱյՅուՆեթվորքս» ՍՊԸ-ի մնացած մասնաբաժինը փաստաթղթերով պատկանել է Արամ Անտոնյանին։ Դատախազության պնդմամբ, սակայն, ընկերության 60 % բաժնեմասի իրական սեփականատերերը եղել են Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ, Գուրգեն Խաչատրյաններն ու Արամ Խաչատրյանը, որը Գագիկ Խաչատրյանի զարմիկն է։ Պետական եկամուտների կոմիտեն այս ընկերության հետ պայմանագրեր է կնքել պարբերաբար ծրագրային ապահովումն իրականացնելու վերաբերյալ։ Վկան հայտնեց, որ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյաններին ինքը տեսել է միայն ընկերության խորհրդի հանդիպումների ժամանակ, որտեղ լայնածավալ քննարկումներ էին լինում։ Այս հանդիպումների ընթացքում երբեմն տեսել է նաև Ալեքսանդր Եսայանի եղբոը՝ Հայկ Եսայանին։ Ասաց, որ խորհրդի քննարկումներից հետո Գուրգեն Խաչատրյանի հետ մեկ-երկու հեռախոսազանգ գուցե ունեցած լինի, բայց ինքը հիմնականում աշխատել է Ալեքսանդր Եսայանի հետ։
Դատախազ Գևորգ Սարգսյանի հարցին, թե ընկերության շահույթն ինչպե՞ս էր բաշխվում, վկան պատասխանեց, որ չգիտի՝ ինքը որպես ընկերության տնօրեն ֆինանսական բաժնի կողմից արդեն իսկ հաստատված փաստաթղթերն է ստորագրել ։ Հարցին՝ Մերանգուլյանը տեղեկություն չի՞ ունեցել այն մասին, որ ընկերության շահույթից, թեպետև Արամ Անտոնյանի միջոցով, բաժին ունեն նաև Խաչատրյանի որդիները, վկան պատասխանեց, որ նման տեղեկություն չի ունեցել։ Մերանգուլյանը նաև հայտնեց, որ իրենց ընկերությունը ՊԵԿ-իհայտարարած մրցույթներին մասնակցելիս մշտապես լրջորեն պատրաստվել է՝ երբեմն՝ օրերով, շաբաթներով, ամսով, այնպես չէ, որ իրենց որևէ մեկը երաշխավորել է, որ, միևնույնն է, իրենք են հաղթելու։ Վկան հայտնեց նաև,որ Գագիկ Խաչատրյանին անձամբ չի ճանաչել, միայն հեռուստացույցով ՝ տեսել։
Վկայի կարգավիճակով դատարան հարցաքննության են կանչվել նաև Հայկ և Ալեքսանդր Եսայանները։ Վերջիններս, սակայն, երկու օր առաջ լքել են Հայաստանը։ Երկրից բացակայում է ևս երկու վկա։ Դատարանը հրապարակեց նրանց նախաքննական ցուցմունքները՝ համարելով, որ վերջիններիս ներկայությունն ապահովելու համար բավարար միջոցներ են ձեռնարկվել, սակայն ներկայությունն ապահովել, այնուամենայիվ, չի հաջողվել։ Ինչ վերաբերում Եսայան եղբայրներին, դատարանը ևս մեկ անգամ նրանց ծանուցագիր կուղարկի, և եթե չներկայանան, նոր կհրապարաի ցուցմունքները։
Նշենք, որ մեղադրանքի կողմի համար Եսայան եղբայրների ցուցմունքներն առանցքային են։ Վկաների չներկայանալու հանգամանքին արձագանքեց Գագիկ Խաչատրյանը։ Վեջինս նշեց, որ ինքը 38 աստիճան ջերմությամբ ներկայացել է դատարան, իսկ վկաները չեն ներկայանում։ «Ես անձամբ հարցեր ունեմ նրանց, դրանով է որոշվելու՝ էս մեղադրանքն արդար է, թե՞ ոչ»,- ասաց Գագիկ Խաչատրյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց Նոյեմբերի 10-ին։