ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձել է փախուստի դիմել` մեքենայով հարվածելով ոստիկանական մեքենային. մոտ 1 կգ թմրանյութ է հայտնաբերվել

 Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել, որն իրացրին Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների գործընկերների հետ: Հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 4.30-ին, Կապանի Ձորք թաղամասի բենզալցակայանում իրավապահները կանգնեցրին Արցախում հաշվառված 56-ամյա մի տղամարդու վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ կար երկու ուղևոր: Վարորդը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, փախուստի փորձ արեց` մեքենայով հարվածելով ոստիկանական «Նիվային» և էլի երկու մեքենայի: Քանի դեռ «ԳԱԶ-24-ը» աքցանի մեջ էր, ոստիկաններին հաջողվում է մեքենայից հանել ուղևորներին` նույնպես Արցախում հաշվառված 45 և 55 տարեկան տղամարդկանց: Սրանից հետո էլ փախուստը շարունակող վարորդը «ԳԱԶ-24-ով» բախվում է բենզալցակայանի պատին: 

Իրավիճակը վերահսկելի դարձնելուց հետո իրավապահները զննեցին ուղևորներից մեկի պայուսակը, որի մեջ հայտնաբերվեց մարիխուանա և էլեկտրոնային փոքր կշեռք: 

Երեքն էլ ձերբակալվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեց «Վոլգան»: Հայտնաբերվեց 500 գրամ ափիոն և 455 գրամ հաշիշ: 

Ուղևորներից 45-ամյա տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է: Խուզարկություն կատարվեց նաև Երևանում գտնվող նրա բնակության վայրում։ Հայտնաբերվեցին մարիխուանա և սուբուտեքսի կտորներ: 
Երեք տղամարդն էլ կալանավորվել են, նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: