ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 27-ամյա կինը հարևանի տնից 2 ամսում 1.660.000 դրամ է գողացել. ի՞նչ է արել այդ գումարով

Այգեձոր գյուղի 27–ամյա բնակչուհին 2 ամսում հարևանի տանից 1.660.000 դրամ գումար է գողացել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 25-ին Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 15-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում իր առանձնատան մուտքի դուռը բացել ու մտել են տուն և ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից խոշոր գումար հափշտակել։

 

Հաղորդումից մոտ երկու ժամ անց գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի 27-ամյա հարևանուհին:

Նա ընդունել է մեղքը և պատմել, որ դեռ հուլիսի սկզբներին, լինելով հարևանի տանը, ներքնակի տակից գողացել էր 200 հազար դրամ: Այնուհետև, արդեն հուլիսի կեսերին, իմանալով, որ տանը մարդ չկա, դուռը բացել է ու նույն ներքնակի տակից տարել ևս 200 հազար դրամ: Դրանից հետո, օգտվելով տանտերերի անուշադրությունից, ևս հինգ անգամ տարել է տարբեր չափի գումար:

 

Կինը 620 հազար դրամ փոխանցել էր իր բանկային քարտի հաշվին, 47 հազարը ձերբակալման պահին եղել է նրա մոտ, 100 հազարը պահել է տանը, իսկ մնացած գումարով մարել է գյուղի տարբեր խանութ-կրպակներում կուտակած պարտքերը:

Կինը ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: