Հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև լուսադեմ․ մրցավարները ստիպված են եղել կրկին դիտել մենամարտը
Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ժամանակ հայ բռնցքամարտիկները ռինգում են մնացել մինչև գիերվա ժամը 4-ը` բողոքելով մրցավարների որոշման դեմ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Մարզիկների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում են մնացել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներն ու մրցաշարի կազմակերպիչները։
Միաժամանակ մրցավարների որոշումներից իրենց դժգոհությունն էին հայտնել նաև ուկրաինական պատվիրակության անդամները։
Բոյկոտի արդյունքում մրցավարները ստիպված են եղել կրկին դիտել թե՛ հայ, և թե՛ ուկրաինացի բռնցքամարտիկների մենամարտերի տեսանյութերը։
Նշենք, որ մայիսի 29-ին կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը մենամարտել էր իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ, որինմրցավարները հաղթանակ էին շնորհել։ Առաջին ռաունդից հետո մրցավարները նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկին, երկրորդ և երրորդ ռաունդներում` իսպանացուն (1:4, 0:5):
Մանասյանն ու Հայաստանի հավաքականը, դժգոհ լինելով մրցավարների որոշումից, հրաժարվել էին լքել ռինգը՝ սպառնալով բոյկոտել առաջնության վերջին օրը։
Ռինգ էր մտել նաև ուկրաինական պատվիրակությունը՝ դժգոհ ուկրաինացի բռնցքամարտիկ Յուրի Զախարաևի և բրիտանացի Մոհամեդ Հարիս Աքբարի մենամարտի վերաբերյալ մրցավարների որոշումներից։
Ֆեդերացիայի աղբյուրները Sputnik Արմենիային հայտնել են, որ բողոքարկված մենամարտերի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի ընդունվել։
Այսօր ժամը 17:00-ին պետք է սկսվեն եզրափակիչ մենամարտերը, իսկ մինչ այդ մրցավարները ստիպված կլինեն որոշել եզրափակիչի մասնակիցներին։