«Ռեալը» իր պատմության մեջ 14-րդ անգամ դառնում է Եվրոպայի լավագույն ակումբ
Մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, Չեմպիոնների լիգայի գավաթն էին վիճարկում «Լիվերպուլն» ու «Ռեալը»։
Մադրիդցիները հաղթեցին նվազագույն հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող։
Առաջին խաղակեսն անցավ բավականին ակտիվ, սակայն այդպես էլ լուսատախտակին հաշիվը չփոխվեց՝ 0-0։ Խաղակեսի վերջում Բենզեման բացեց խաղի հաշիվը, սակայն եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Մրցավարական թիմը ստիպված եղավ դիմել VAR-ի օգնությանը։ Ի վերջո, որոշվեց չհաշվել գնդակը խաղից դուրս վիճակի պատճառով։
Խաղի 59-րդ րոպեին «Ռեալը», այնուամենայնից, բացեց հաշիվը․ աջ եզրից Ֆեդերիկո Վալվերդեն անցավ մրցակցի խաղացողներին ու գնդակը փոխանցեց դարպասի ձախ եզրում գտնվող Վինիսիուսին, որն էլ գնդակն ուղարկեց մերսիսայդցիների դարպասը։ Հենց այս միակ գոլն էլ հաղթական եղավ Անչելոտիի սաների համար։ Հարկ է նշել, որ ողջ խաղի ընթացքում փայլուն գործեց Տիբո Կուրտուան՝ չեզոքացնելով անգլիական թիմի նույնիսկ ամենավտանգավոր թվացող հարվածները։
Արքայական ակումբն իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող՝ թարմացնելով իր իսկ բացառիկ ռեկորդը։ Մադրիդյան ակումբը վերջին 8 տարվա ընթացքում 5-րդ անգամ է դառնում Հին աշխարհամասի լավագույն ակումբը։