Քաղաքականություն

162 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության. ՆԳՆ

162 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հանրային հաշվետվողականության և համակարգային ներքին կարգապահության ապահովման հանձնառությամբ, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների ու ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ հանրությանն իրազեկելուն։


Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ընթացք է տրվել 680 ծառայողական քննության և ուսումնասիրության: Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների ու աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 162 կարգապահական տույժ։ Դրանք հիմնականում նշանակվել են գործառույթները կարգավորող օրենքներով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները չպահպանելու պատճառով։


Ոստիկանության ծառայողների նկատմամբ նշանակվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝ – հայտարարվել է «նախազգուշացում» 11, – հայտարարվել է «նկատողություն» 86, – հայտարարվել է «խիստ նկատողություն»` 19, – հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 19, – «ծառայության դադարեցում»՝ 11։


Բացի այդ, ոստիկանության 11 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այսինքն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու պատճառներով։


Փրկարար ծառայության փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվել է 3 կարգապահական տույժ, որոնցից 1-ը՝ «նկատողություն», 2-ը՝ «խիստ նկատողություն»։


Միաժամանակ, 1 փրկարարական ծառայող ազատվել է փրկարար ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով, այն է՝ փրկարարական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։


Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ նշանակվել է 6 կարգապահական տույժ, որոնցից 2-ը՝ «նախազգուշացում», 1-ը՝ «նկատողություն», 3-ը՝ «խիստ նկատողություն»։


ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողների և աշխատողների նկատմամբ կիրառվել է 5 կարգապահական տույժ, որոնցից 4-ը՝ «նկատողություն», 1-ը՝ «խիստ նկատողություն»։


2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից կազմվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել ծառայողական քննությունների 7 նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ՝ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Այդ նյութերը պարունակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու և այլ բնույթի ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ։


Հաշվետու ժամանակահատվածում գումարվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ․ քննարկվել են Ոստիկանության 17 և փրկարարական 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 16 նյութեր ու եզրակացություններ:


Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշել է միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության և փրկարարական 17 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով 6 ծառայողի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն», 11 ծառայողի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250