«Արդյոք սա արդա՞ր է. ո՛չ». Զելենսկի
Ուկրաինայի նախագահը քննադատել է արևմտյան երկրներին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ներդրման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցում միասնական դիրքորոշման բացակայության համար։ Այս մասին Զելենսկին ասել է այսօր Դավոսում տնտեսական համաժողովի «ուկրաինական նախաճաշի» ժամանակ, գրում է focus.ua-ն։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան այսօր «ամբողջապես չի զգում», որ արևմտյան երկրներն իրեն ընկալում են որպես հավասար պետություն։ Զելենսկին անդրադարձել է նաև Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումի խնդրին։ Նախագահի խոսքով, Արևմուտքը միասնական դիրքորոշում չունի այս հարցում.
«Հիմա Եվրամիության հարցը: Խնդրում եմ, ասեք, կա՞ միասնություն, Ուկրաինայի ապագայի վերաբերյալ, կա՞ միասնություն, ես դա չեմ տեսնում: Արդյոք սա արդա՞ր է։ Ո՛չ»։
Բացի այդ, նախագահը նշել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը պետք է ներառի նավթի էմբարգո, դեռ չի ընդունվել Հունգարիայի հակազդեցության պատճառով։
«Բոլորն ասում են, որ այս ընթացքում Ռուսաստանը կվաստակի 200 միլիարդ դոլար, այդ գումարով կարող են ցանկացած զենք գնել, վեցերորդ փաթեթը ներդրվե՞լ է, ո՛չ, ինչո՞ւ, որովհետև ինչ-որ բան դուր չի գալիս Հունգարիային, ինչ-որ բան այն չէ նավթի հետ: Ինչ-որ կերպ նրանք աշխարհը այլ կերպ են տեսնում... նրանց ասում են. «Ուկրաինայում մարդիկ են մահանում, երեխաներ են մահանում, նրանց սպանում են», իսկ նրանք պատասխանում են. «Ամեն ինչ պարզ է: Ուրեմն, ինչ անենք նավթի հետ: Որտեղի՞ց ճարենք գումարը»,- ասել է Զելենսկին: