«ՀԱՊԿ սահմանների երկայնքով լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում». Շոյգու
ՀԱՊԿ սահմանների մոտ լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում, ինչը պահանջում է շարունակաբար կատարելագործել կազմակերպության ուժերն ու միջոցները։ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն նման կարծիք է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
«ՀԱՊԿ սահմանների երկայնքով լարվածության երկարաժամկետ օջախներ են ձևավորվում։ Այս պայմաններում պահանջվում է Հավաքական անվտանգության համակարգի մեջ մտնող ուժերի և միջոցների հստակ համակարգում և շարունակական կատարելագործում, որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմներ», - ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան վճռականորեն է տրամադրված զարգացնել կազմակերպության շրջանակում համագործակցությունը բոլոր հիմնական ուղղություններով:
Շոյգուն նշել է, որ արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունները խարխլելու ուղղությամբ:
«Գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա։ Գործի են դրվում բացահայտ սպառնալիքները, շանտաժը, ինտրիգները: Այս ամենը մեզանից ավելի մեծ համախմբվածություն, գործողությունների ավելի ակտիվ և հստակ համակարգում է պահանջում», - ասել է Շոյգուն։
Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան իր դաշնակիցներին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի առաջացող սպառնալիքների չեզոքացման ու ինքնիշխանության պահպանման գործում:
Նշենք, որ տեսակոնֆերանսի ձևաչափով նիստը տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: