ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի փորձեք Հովսեփյանին բռնացնել. նախկին դատախազը՝ մեղադրողին
Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական գործի դատական քննությունը։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր ելույթում անդրադարձավ նախորդ դատական նիստում տեղի ունեցած դիպվածին, երբ իր դիտարկումը, թե քրեական գործում նկարագրվող դեպքերը տեղի են ունեցել 10-15 տարի առաջ, մեղադրող դատախազը, իր ձևակերպմամբ, փորձեց ներկայացնել որպես իր հանցանքն ընդունելու ապացույց։
«Հարգելի՛ս, նախ մի՛ փորձեք բռնացնել խոսքի վրա։ Բացի դա, Հովսեփյանն ասաց. դեպքերը տեղի են ունեցել 10-15 տարի առաջ։ Դուք գոնե կարողացեք տարբերել` ինչ բան է դեպքը և ինչ բան է հանցանքը։ Իսկ որպեսզի տարբերեք` ինչ բան է հանցանքը, դեպքը և այլն, խորհուրդ կտայի մի հատ այցելեք Հանրային գրադարան, վերցնեք այնտեղ Հայկազյան լեզվի բացատրական բառարանը, Օժեգովի բացատրական բառարանը, Դալի բացատրական բառարանը, Հրաչյա Աճառյանի արմատական բառարանը։ Բացեք նայեք, որ դեպքը ուրիշ բան է, հանցադեպը երկու արմատ ունի, որ բաղկացած է հանցանքից և դեպքից»,– ասաց նախկին գլխավոր դատախազը` խոսքն ուղղելով մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանին։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նկատեց, որ դատական նախորդ նիստում, երբ տեղի է ունեցել Աղվան Հովսեփյանի նկարագրած միջադեպը, դատարանը դեռ չէր հասել ապացույցների հետազոտման փուլին։ Բացի այդ, նա կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ վիրավորանքի տարրեր պարունակող հայտարարություններից։
Մեղադրող դատախազ Սերոբյանն իր հերթին չհամաձայնեց Աղվան Հովսեփյանի հետ` նշելով, որ ինքը ոչ միայն նման արտահայտություն չի արել, այլև շատ լավ տիրապետում է, թե ինչ է հանցանքը և ինչ է դեպքը։
Քննվող քրեական գործով Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։
Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է: