Չավուշօղլույի ազգայնական ժեստը բարկացրել է․ Ուրուգվայում կասկածներ ունեն Թուրքիայում դեսպան ունենալու հարցում

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլույի ազգայնական ժեստը լուրջ քննարկումներ է առաջացրել Ուրուգվայում։ Խորհրդարանն այսօր քննարկելու է Թուրքիա դեսպան ուղարկելու նպատակահարմարության հարցը։ Նույն կարծիքը լրատվամիջոցին հայտնել են կառավարությունից` ասելով. «Մեր նման ժողովրդավարական երկրում այս բաներն անթույլատրելի են։ Դա արժեքների հարց է»։

 

Ինչպես հայտնում է elpais.com կայքը, նման առաջարկով հանդես է եկել ընդդիմադիր մեծաքանակ «Լայն ճակատ» խմբակցությունը, որը երեկ հայտարարել է, որ խորհրդարան է հրավիրելու ԱԳ նախարար Բուստիլյոյին` նրա հետ քննարկելու Թուրքիայի արտգործնախարարի պահվածքի ու դրա հնարավոր հետևանքների, մասնավորապես` Թուրքիայում Ուրուգվայի դեսպան նշանակելու նպատակահարմարության մասին։

 

Բանն այն է, որ Ուրուգվայի և Թուրքիայի միջև Ազատ առևտրի գոտու բանակցությունների շրջանակում որոշվել է նաև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություներ բացել։

 

Թուրքիան Ուրուգվայում արդեն դեսպանատուն բացել է, և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հենց դեսպանատան բացման ու դեսպանի երդման արարողությունից հետո էր Թուրքիայի ճխտողականության դեմ բողոքող հայ համայնքին ծաղրական ժեստով արձագանքել։

Իսկ Թուրքիայում Ուրուգվայի դեսպանի նշանակման հարցը դեռ ընթացքի մեջ է։ Խորհրդարանի հաստատմանն է ներկայացված դիվանագետ Հյուգո Կայրուսի թեկնածությունը։ Նա արդեն մասնակցել է Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստից, որից հետո նախատեսվում է նրա թեկնածության քննարկումն ու հաստատումը խորհրդարանի լիագումար նիստում։

 

Դիվանագիտական հարաբերությունների գործընթացը վերանայելու առաջարկով հանդես եկած «Լայն ճակատ» կուսակցությունից elpais.com–ին ասել են, որ իրենք դեսպանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և պատրաստ են քվեարկել նրա օգտին։

 

«Մենք Կայրուսի հետ խնդիր չունենք։ Բայց կա հավասարակշռությունների և ժամանակների պատճառ, որը մենք պետք է վերլուծենք»,– լրատվամիջոցին ասել է ընդդիմադիր կուսակցության պատգամավորներից մեկը։

 

Կայքը նաև հայտնում է, որ խորհրդարանում այսօր նախանշված է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում, դրան մասնակցելու է նաև նախագահ Լուիս Լակալ Պուն, որը նախօրեին դատապարտել էր Թուրքիայի ԱԳ նախարարի պահվացքը` ցավ հայտնելով կատարվածի վերաբերյալ։

Թուրքիա դեսպան ուղարկելու նպատակահարմարության հարցը։

 

Միաժամանակ կառավարությունում հայտնել են, որ երկրի տնտեսության համար կարևորում են Թուրքիայի հետ ազատ առևտրի գործարքը, բայց նաև համարում են, որ Թուրքիայի արտգործնախարարի ու հայ ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպը չի կարելի անտեսել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։

Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց էր տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր հավաքվել էին փողոցում` արտգործնախարարին ողջունելու, ի պատասխան ծափահարել էին։