Կներես, որ երբևէ քեզ մարդ եմ համարել․ ընդդիմադիրների բանավեճը շարունակվում է

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեսանյութ է տարածել թվիթերյան իր էջում՝ կից գրառմամբ. «Երեկ շուրջ հարյուր հազար մարդ մասնակցեց համահայկական ջահերով երթին, որի ճանապարհը երկար էր, ժամանակը մեծ: Այդ ամբողջ ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ որևէ կանոն չխախտեցին և բարձր կազմակերպվածությամբ հասան իրենց նպատակին:

Տեսանյութում կարող եք տեսնել իշխանության հատուկ հանձնարարություններ կատարող խմբակի անդամին, ով թքած ունի ամենքի ու ամեն ինչի վրա: Նրանք այլևս իշխանություն են և իրենց իրավունք են վերապահում ոտնատակ անել հանրային վարքագծի կանոնները:

Սա է մեր տարբերությունը: Մենք կանոնները հարգող ու պահպանող ենք, իսկ դուք տրորող:

Խորհրդանշական է, որ խմբակի հենց այս անդամն էր երեկ ֆեյսբուքում մեծ ջանասիրությամբ կոկորդ պատռում փորձելով նսեմացնել համահայկական երթը:

Բայց ուրախ եմ, քանի որ ակնհայտ է, որ իշխանական խունտան արդեն գիտակցում է, թե հաջորդ «երթը» որքան ցավոտ է լինելու իրենց համար»,- գրել է Բաբայանը:

 

Ավելի ուշ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները ֆեյբսուքյան իրենց էջերում պատասխանեցին  Բաբայանին։ 

 

ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանն արձագանքել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի գրառմանը. «Երբ բարոյական բոլոր սահմանները մոռացվում են, այ դա արդեն կործանման սկիզբն է։
Եթե մարդը գիտի, որ ընտանիքիս հետ ծաղիկ եմ խոնարհում հորեղբորս շիրիմին ու փորձում է դա էլ օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, ապա հուշեք՝ ինչ է կարելի նման դեպքում ասել»,- գրել է Գորգիսյանը:

 

Փոխադարձ մեղադրանքների տարափն այսքանով չսահմանափակվեց։ Արսեն Բաբայանն արձագանն էլ իր հերթին արձագանքեց վերոնշյալ գրառմանը. 

 

«Գևորգ, մինչև իշխանություն դառնալդ լրիվ այլ մարդ էիր: Հիշո՞ւմ ես ինչքան ենք խոսել: Հիշո՞ւմ ես, թե ինչքան եմ քեզ հուշել, որ այդ խմբում դու կկործանվես: Բայց, անկեղծ ասած, չէի սպասում, որ ինքդ էլ կդառնաս այդ որակի կրողը: Այդ որակը՝ ստի, կեղծիքի ու անհայրենիքի տեսակն է: Այդ տեսակն է, որ պաշտոն է ստանում նրանից, ում ամենավերջին հայհոյանքն է տվել և ումից նույնը ստացել:
Այդ տեսակն է, որ նայում է մարդկանց աչքերին ու անամոթաբար ստում, թե ինքը երբեք չի ասել «կապիտուլացիա»...
Այդ տեսակն է, որ թքած ունի իր հայրենի համայնքի վրա և պատրաստ է հանուն մի էժան պաշտոնի անել ամենաստոր հանձնարարությունները:
Գևորգ, հիմա դու, որ մի ամբողջ ազգի, որը պայքարել ու պայքարում է թուրքի ու թրքացման դեմ, նոր ցեղասպանությունը կանխելու դեմ, հիմա դու իրենց սրբաբի՞ղծ ես անվանում և դա՝ ընդամենը քո քաղաքական շահի համար: Հիմա դու ո՞վ ես, Գևորգ:
Դու, որ համաձայնվել ես մեր մեծ հայրենիքի վերջնական կործանմանը և դրա համար նույնիսկ ընկերներիդ ես սրբապիղծ անվանում, հիմա դու ո՞վ ես, Գևորգ, եթե ոչ շարքային մի հատուկ հանձնարարություն կատարող:
Հիմա, որ քո քաղաքական կարիերան պաշտպանելու համար հերոսի գերեզման գնալդ ես այդքան բարձրաձայնում, հիմա դու ո՞վ ես, Գևորգ:
Համակեցության կանոնների պահպանմամբ գերեզմանին մոտենալու ճանապարհը հետագայում ցույց կտամ»,- գրել է Բաբայանը:

 

Նշված գրառումից բացի Բաբայանը լուսանկար է հրապարակել Գևորգ Գորգիսյանի հրապարակման տակ և կից գրել․ «Ես միշտ այս ճանապարհով եմ խոնարհվում հերոսի շիրիմին: Երբեք չէի ուզի այս նկարը դնել, բայց ստիպված եմ, քանի որ հերոսի հարազատն իր քաղաքական ամբիցիան բավարարելու համար գերեզմանի մասին խոսեց»։ 

 

Ի պատասխան սրա՝ Գևորգ Գորգիսյանն էլ նշել է․ «Կներես, որ երբևէ քեզ բարևել ու մարդ եմ համարել։ Իրոք զղջում եմ»։

 

 

Нет описания.

 

Нет описания.